Մատչելիության հղումներ

Բանակի օրվա առթիվ Սերժ Սարգսյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների


Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ Բանակի օրվա առթիվ, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ:

«Այսօր դուք արժանացել եք հայրենիքի բարձր պարգևներին և կոչումներին: Դա մեր ժողովրդի և պետության կողմից ձեզ երախտագիտություն հայտնելու մի դրվագ է: Համոզված եղեք, որ ձեր ծառայությունը և ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում շատ բարձր է գնահատվում: Ամեն անգամ այսպիսի պաշտոնական արարողությունները գալիս են ապացուցելու, որ իրոք, ոչ ոք և ոչինչ չի՛ մոռացվել, ձեր արած ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել: Վստահ եմ, որ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը մշտապես խրախուսում է ձեզ՝ պատվով և արժանապատվությամբ շարունակելու ձեր ազնիվ ծառայությունը Հայաստանին և Արցախին։

Ձեր անցած ճանապարհն ու անբասիր ծառայությունը մեկ նպատակ է հետապնդում՝ պահպանել Հայաստան աշխարհի անվտանգությունը և անդորրը: Ձեր և ձեր զինակիցների շնորհիվ ապրում ու արարում է Հայաստանը: Այսօր քայլ առ քայլ, հետևողականորեն իրականացվում են մեր ժողովրդի նվիրական երազանքները: Այս համոզմամբ և գիտակցությամբ Հայաստանը շարունակելու է հազարամյակների իր երթը դեպի լուսավոր ապագա», - իր խոսքում ասել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG