Մատչելիության հղումներ

Ճապոնիան ներդրումներ կանի Հայաստանում, նաև կխթանի ճապոներենի տարածումը


Էյջի Տագուչի, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, Գյումրի, 26-ը հունվարի, 2018 թ․
Էյջի Տագուչի, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, Գյումրի, 26-ը հունվարի, 2018 թ․

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանում գործող դեսպանատան միջոցով փորձում է զարկ տալ այստեղ ճապոներեն լեզվի ուսուցմանն ու տարածմանը: Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին, ով աշխատանքային այցով գտնվում էր Գյումրիում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր երկրի կառավարությունը մտադիր է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ համատեղ Երևանում բացել Ճապոնիայի կենտրոն:

Դեսպանատունը Գյումրիում ճապոներենի տարածման հարցում համագործակցում է Շիրակի պետական համալսարանի հետ: Բուհի ռեկտոր Սահակ Միանսյանն այդ նպատակով հատուկ լսարաններ է հատկացրել, և ՇՊՀ-ում ճապոներենը, որպես օտար լեզու, արդեն դասավանդվում է:

Դեսպան Էյջի Տագուչիին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք Հայաստանում շատ են ճապոնորեն սովորել ցանակացողները: «Մոտավոր հաշվարկներ ունեմ: Միայն Հայաստանում մոտ 230 ուսանող այժմ ճապոներեն է սովորում, և այս թիվը տարեց-տարի ավելանում է»,- պատասխանեց դեսպանը: Ճապոնիայի դեսպանատունը նաև մասնագետների վերապատրաստման ծրագրեր ունի․ « Ճապոնիայի կառավարության հատուկ ծրագրով մասնագետները ճապոներեն սովորելու նպատակով հրավիրվում են Ճապոնիա: Նրանց այնտեղ ուսուցանում են, ինչից հետո վերջիններս բարձր որակավորմամբ տեղափոխվում են [վերադառնում են] տվյալ երկիր՝ ճապոներեն լեզվի տարածման համար»:

Շիարկի պետական համալսարանն արդեն վերապատրաստված մասնագետ ունի, ով էլ կդասավանդի այդ բուհում: Ճապոնացի դիվանագետին նաև խնդրեցինք պատմել Հայաստան-Ճապոնիա տնտեսական համագործակցության մասին: «Մենք հիմա բանակցում ենք այդ համագործակցության հետ կապված հարցերի շուրջ, պատրաստվում ենք որոշակի ներդրումներ անել։ Ներդրումները կլինեն ոչ միայն Ճապոնիայի, այլև Հայաստանի կառավարության կողմից՝ երկկողմ։ Շատ եմ կարևորում երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Ապրանքաշրջանառությունը շատ քիչ է․ մենք ուզում ենք այս ուղղությամբ ևս քայլեր անել, որ շրջանառությունը մեծանա»,- ասաց Էյջի Տագուչին։

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն, 2017թ․ առաջին 11 ամիսներին Հայաստան-Ճապոնիա առևտրաշրջանառությունը կտրուկ աճ է ապրել՝ կազմելով է 74,3 միլիոն դոլար, ինչը 52 տոկոսով ավելին է 2016 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ:

Հարցին՝ Հայաստանում ի՞նչը կարող է հետաքրքրել ճապոնացի գործարարներին, դեսպանը պատասխանեց․ «Գյուղատնտեսությունն է հետաքրքիր, գինու, կոնյակի արտադրությունը, մեղրի արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը և իհարկե՝ առևտուրը»։ Հայաստանում Ճապոնիայի մասին բավականին լավ գիտեն, իսկ ի՞նչ գիտեն ճապոնացիները Հայաստանի մասին, այս հարցին էլ դեսպանը հետևյալ պատասխանը տվեց․ «Հայաստանում 10-15 ճապոնացի է ապրում, 50 հայ էլ ապրում է Ճապոնիայում: Տեսնու՞մ եք՝ տարբերությունն ինչքան չնչին է: Ձեր կոմպոզիտորներից Արամ Խաչատրյանը, Փարաջանովը շատ ճանաչված են Ճապոնիայում»:

Իսկ թե ովքեր են այդ 50 հայերը և ինչով են զբաղվում Ճապոնիայում, նա տեղեկություն չունի: Ասաց միայն, որ շատ հայ ուսանողներ սովորում են Ճապոնիայում, նրանց մի մասն ամուսնանում է տեղացիների հետ, ընտանիք կազմում: Ի դեպ՝ Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին հայերեն է սովորում, խոստովանեց՝ դժվար լեզու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG