Մատչելիության հղումներ

Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիսին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, ուղերձով դիմել զինվորներին


27-ը հունվարի, 2018 թ․ պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

«Միջոցառման շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած պարտադիր ժամկետային զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով:

Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել թվով քսաներկու այդ զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Զինծառայողները Արարատյան թեմի կողմից պարգևատրվել են Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչ-զարդապատկերներով: Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ:

«Սիրելի՛ զինվորներ: Ուզում եմ, որ դուք մշտապես գիտակցեք, որ մեր ժողովրդի հավերժության ճանապարհի ահա՛ այս հատվածում ձեզ է բախտ վիճակվել պաշտպանելու մեր սահմանները: Իրոք, դա բախտավորություն է, մեծ պատիվ է: Եվ ես շնորհակալ եմ ձեզ, ի դեմս ձեզ՝ հազարավոր հայ զինվորների, ովքեր պատվով են կատարում իրենց պարտքը: Իհարկե, ես ծանոթացել եմ ձեր անձնական գործերին, գիտեմ, որ գերազանց ծառայողներ եք, ունեք պատվոգրեր, ունեք խրախուսանքներ, տեսնում եմ քաջարի մարտիկի ձեր կրծքանշանները:

Ձեզ ուզում եմ բարի ծառայություն մաղթել: Ուզում եմ, որպեսզի և՛ դուք, և՛ հազարավոր հայ զինվորներ վերադառնան տուն, ընտանիք կազմեն, որովհետև, իրոք, դուք արժանի եք և՛ լավ կյանքի, և՛ հարգանքի»,- ըստ նախագահի կայքէջի, իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG