Հայաստանում գրեթե բոլոր պոչամբարների թափոնաջրերը, արտադրական ջրերը լցվում են գետեր։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն՝ կրկին ահազանգելով «լուրջ էկոլգիական աղետի» մասին։
«Վերջին հինգ տարվա ընթացքում եղել ենք Հայաստանի լեռնահանքային տարածքների բոլոր պոչամբարների տարածքում։ Բացի մի պոչամբարից, չի եղել այնպիսի դեպք, որ էդ թունահարույց, աղտոտված թափոնաջրերը, արտադրական ջրերը, մնացած արդյունաբերական ջրերը չլցվեն մեր գետերի և առուների մեջ», - ասաց բնապահպանը։
Գալստյանն ընդգծեց՝ իրենց դիմում-բողոքներից, հանցագործության մասին հաղորդումներից հետո, այդ պրոցեսն ինչ-որ պահի դադարեցվում է։ «Եթե հնարավոր է կանգնեցնել այդ պահին, ուրեմն կանգնեցնում են, բայց, բնականաբար, հետո նորից այդ պրոցեսը շարունակվում է», - ասաց Գալստյանը։
Բնապահպանի գնահատմամբ՝ խնդիրը մշտական է և շատ լուրջ էկոլոգիական աղետ է։
«Այդ ջրերի աղտոտումը միայն ջրերի աղտոտում չէ, դա բերում է նաև սննդային շղթայով և աղտոտման շղթայով մյուս բոլոր բնական բաղադրիչների նաև գյուղատնտեսական մթերքների աղտոտման, որը որ հետո ազդում է նաև մարդկանց կյանքի որակի, առողջության վրա», - ասաց Գալստյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս այստեղ.