Մատչելիության հղումներ

Գերմանիան հետաձգում է Թուրքիային մատակարարված տանկերի վերազինումը


Թուրքական բանակի տանկերը Սիրիայի սահմանի մոտ՝ Գազիանփեթ նահանգում, 22-ը հունվարի, 2018թ․

Գերմանիայի ժամանակավոր կառավարությունը որոշել է հետաձգել Թուրքիային մատակարարված տանկերի վերազինումը: Երեկ կառավարության խոսնակը հայտարարել է, որ պահպանողական կանցլեր Անգելա Մերկելն ու ձախակողմյան սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ, արտգործնախարար Զիգմար Գաբրիելը պայմանավորվել են՝ Բեռլինն այս հարցով որոշում չի կայացնի, քանի դեռ իրենց կուսակցությունները չեն ստորագրել կոալիցիոն կառավարության պայմանագիրը:

Արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ Թուրքիային զենքի մատակարարման հարցը դարձել է Գերմանիայի ներքաղաքական ամենաքննարկվող թեմաներից մեկը, բանավեճերը թեժացան հատկապես այն բանից հետո, երբ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ թուրքական բանակի սկսած ռազմական գործողությունների տեսանյութերում երևացին Գերմանիայում արտադրված «Լեոպարդ 2» հրասյալերը:

Ընդդիմության արձագանքը չուշացավ: «Պահանջում ենք իսպառ դադարեցնել զենքի մատակարարումները Անկարային», - երեկ հայտարարում էին կանաչները՝ բողոքի ցույց անցկացնելով գերմանական հայտնի զինագործական ընկերության՝ «Ռայմենտալ»-ի (Rheinmetall) մոտ: - «Գերմանիայի դաշնային կառավարությունը պետք է հստակ ուղերձ հղի Էրդողանին՝ պահանջելով թուլացնել լարվածությունը, ոչ թե է՛լ ավելի թեժացնել իրավիճակը: Մենք պահանջում ենք դադարեցնել զենքի մատակարարումներն ու խստացնել այս ոլորտի օրենսդրությունը, Գերմանիան չպետք է զենք տրամադրի բռնապետական վարչակազմերին»:

Ընդդիմախոսներին մտահոգում է ոչ միայն բուն վաճառքի հարցը, այլև այն, որ Բեռլինը վերջին տարիներին որևէ պայման չի դնում Անկարային զենք վաճառելիս: 1980-ականներին, օրինակ, Գերմանիայից տանկ գնելու դեպքում Թուրքիան պարտավորվում էր այն կիրառել բացառապես ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի համաձայն՝ դաշինքի դեմ վտանգի դեպքում: 2005-ից հետո, մինչդեռ, Բեռլինն այսօրինակ սահմանափակումներ չի դնում՝ Անկարայի պահանջելով միայն զենքը երրորդ երկրի չփոխանցել:

Ընդ որում, գերմանական լրատվամիջոցները փաստում են, որ չնայած երկու երկրների միջև վերջին տարիներին նկատվող լարվածությանը՝ անցած տարի միայն Գերմանիան առնվազն 30 միլիոն եվրոյի զենք է վաճառել Թուրքիային:

«Ակնկալում ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի», - երեկ հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով․ - «Հույս ունենք, որ Գերմանիան համերաշխություն կդրսևորի, թեև հասկանում ենք, որ Գերմանիայի կառավարությունն էլ է հիմա ճնշման տակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG