Մատչելիության հղումներ

Գնաճի բացասական հետևանքները զսպելու առաջին քայլն արված է. Շարմազանով


Էդուարդ Շարմազանով, արխիվ

Գնաճի բացասական հետևանքները զսպելու առաջին քայլն արված է, երեկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակի գնահատմամբ, Ազգային ժողովում գնաճի զսպման վերաբերյալ լսումներն արդեն դրական արդյունք են տալիս։

«Նախագահի առաջարկությամբ և նաև քննարկումների արդյունքում այսօր գյուղնախարարը հայտարարեց, որ գյուղացիական տնտեսությունները սուբսիդավորվելու են, և սա շատ կարևոր է։ Սա առաջն քայլն է դեպի գնաճի բացասական հետևանքների զսպումը, մինիմալիզացումը», - ասաց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը նաև խոսեց իշխող Հանրապետական խմբակցության օրենսդրական մի նախաձեռնությունից, որի արդյունքում, ըստ նրա, ուղևորափոխադրումների դրույքաչափերը կիջնեն։

«Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորներն այսօր կառավարության դատին են ներկայացրել մի օրենսդրական նախաձեռնություն, որի հետևանքով և որի արդյունքում տրանսպորտային ուղևորափոխադրումների դրույքաչափերը կիջնեն և ավելորդ բեռ այդ դրույքաչափերի վրա չի լինի, այսինքն՝ տրանսպորտային փոխադրողների հարկային բեռը կիջնի։ Էն որ ասում են՝ «լսումների օգուտը ո՞րն է», արդեն մեկ-երկու օր անց ունենք հստակ դրական քայլեր պառլամենտական լսումների հետ կապված», - նշեց ԱԺ փոխնախագահը, ընդգծելով՝ Տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը դեռևս շարունակում է ուսումնասիրել գնաճը զսպելու շուրջ ստացած առաջարկները։

«Հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանի գլխավորությամբ, շարունակում է դեռևս ուսումնասիրել բոլոր առաջարկությունները։ Երբ առաջարկություններն ամփոփվեն, ես համոզված եմ, որ բոլոր այն առողջ առաջարկները, որոնք հնչել են նաև մեր տնտեսագիտական մտքի ակնառու ներկայացուցիչներից, մենք կարող ենք սա նաև վերածել օրենսդրական նախաձեռնությունների», - ասաց Շարմազանովը։

«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է նույն տրամաբանությունը կիրառվի նաև առաջին անհրաժեշտության թանկացած սննդամթերքի դեպքում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. - «Չեմ ուզում մանրամասնել և կոնկրետ խոսել այս կամ այն ապրանքատեսակի մասին, ես մի բան կարող եմ ասել՝ մեր գնահատականը և առհասարակ տնտեսագիտական մտքի գնահատականը հետևյալն է բոլոր երկրներում՝ ազատ շուկայական տնտեսական հարաբերություններում արհեստական գնանկումը ոչ թե խթանում է, այլ խոչընդոտ է տնտեսության զարգացմանը։ Խորհրդային Միության տնտեսության փլուզման պատճառներից մեկը նաև այն էր, որ ամեն ինչ արհեստական էր, և շատ դեպքերում այդ պլանային տնտեսությունը՝ ազատ մրցակցություն չկար, ու շուկան չէր կարող մրցակցել, ու սա տնտեսագետների կարծիքն է։ Երկրորդը՝ չի լինելու մի առողջ առաջարկ, որն արվել է այդ քննարկումների ժամանակ և որը չքննարկվի Տնտեսական հարցերի հանձնաժողովում։ Երբ որ կքննարկվի, արդյունքների մասին կտեղեկացնենք, և մենք միշտ էլ պատրաստ ենք քննարկումներ ծավալել»։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ նախագահական նստավայրում հյուրընկալելով Ազգային ժողովի խորհրդի անդամներին՝ բացառությամբ ընդդիմադիր «Ելք»-ի ներկայացուցչի, Սերժ Սարգսյանն առաջարկել էր խորհրդարանական լսումներ կազմակերպել, որպեսզի գնաճի հարցը «հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները»:

Առաջարկից օրեր անց Ազգային ժողովը խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ լսումներ անցկացրեց։

Ասուլիսն ամբողջությամբ տե՛ս այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG