Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Բաքվից պահանջում է ազատ արձակել բանտարկված ընդդիմախոսներին


Ադրբեջանցի ընդդիմադիր Գոզել Բայրամլի, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր Գոզել Բայրամլի, արխիվ

Միացյալ Նահանգները պահանջում է Ալիևի վարչակազմից ազատ արձակել ընդդիմադիր Գոզել Բայրամլիին և բոլոր նրանց, ովքեր ազատազրկվել են իրենց հիմնարար իրավունքներն իրացնելիս: «Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հնարավորություններ ստեղծել երկրում խաղաղ քաղաքական գործունեություն ծավալելու համար», - «Թուրան» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան փոխանցել են Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունից:

Ադրբեջանի դատարանը շաբաթասկզբին՝ հունվարի 23-ին, երեք տարվա ազատազրկման դատապարտեց «Ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Գոզել Բայրամլիին, ով հայտնի է Իլհամ Ալիևի հասցեին կոշտ քննադատությամբ: Ընդդիմադիր գործիչը ձերբակալվել էր անցած տարվա մայիսին՝ Վրաստան-Ադրբեջան սահմանակետում. ադրբեջանցի սահմանապահները հայտարարել էին, թե նրա ճամպրուկում 12 հազար դոլար է եղել, որն ընդդմադիր գործիչը չի հայտարարագրել: Բայրամլին, մինչդեռ, պնդում է, թե գումարը իր ուղեբեռում է հայտնվել իրավապահների թեթև ձեռքով, և ինքն իրականում ճաղերի ետևում է նախագահ Ալիևին քննադատելու համար:

«Սրանով Ադրբեջանի իշխանությունները վրեժ են լուծում», - հայտարարել էր Բայրամլին դատարանում՝ պնդելով, թե իր ձերբակալությունը վաղուց է ծրագրվել, և որ այդ օպերացիային սահմանապահներից բացի մասնակցել են նաև Ադրբեջանի հատուկ ծառայությունները:

Բայրամլին դատարանում պատմել էր, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը տարիներ առաջ էր դեռ իրեն զրույցի հրավիրել և զգուշացրել՝ եթե չդադարեցնի ընդդիմադիր գործունեությունը, կհայտնվի ճաղերի ետևում: Ձերբակալությունից օրեր առաջ էլ կառավարամետ թերթերը հոդվածներ էին հրապարակել Բայրամլիի մասին, պնդելով, թե նա Վրաստանում ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հետ հանդիպում է միջազգային կազմակերպությունների հետ և նրանցից գումարներ ստանում՝ Ադրբեջանի պետականության հիմքերը խարխլելու համար:

Այսօր Բայրամլիից բացի ճաղերի ետևում է նաև լրագրող Աֆղան Մուխթարլին, ով, հիշեցնենք, անցած տարի դեռևս չպարզված հանգամանքներում առևանգվել էր Թբիլիսիի կենտրոնից, ապա հայտնվել ադրբեջանական բանտում: Շաբաթներ առաջ նա 6 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և, կրկին, առանց հայտարագրելու 10 հազար դոլար տեղափոխելու համար: Մուխթարլին ու նրա հարազատները, մինչդեռ, պնդում են՝ ընդդիմադիր լրագրողն այդ օրը տնից դուրս գալիս անգամ անձնագիր չի ունեցել իր մոտ:

«Տարին դեռ նոր է սկսվել, սակայն Ադրբեջանի դատարաններն արդեն կառավարության երկու ընդդիմախոսի են բանտ ուղարկել», - հայտարարել է հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, ընդգծելով՝ ներկայացված մեղադրանքները քաղաքական շարժառիթներ ունեն: «Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն Բայրամլիին ու Մուխթարլիին ՝թույլ տալով, որ նրանք զբաղվեն իրենց օրինական գործունեությամբ», - պնդել է Human Rights Watch-ը՝ կոչ անելով Ադրբեջանի միջազգային գործընկերներին ուշադրության կենտրոնում պահել այս հարցն ու Ադրբեջանում ընդդիմադիրների դեմ շարունակվող հալածանքները:

Երեկ թեմային է անդրադարձել նաև Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շենախը: «Թույլ տվեք հարցնել՝ ինչի՞ համար է Բայրամլին ազատազրկվել», - Թվիթերում գրել է ավստրիացի պատգամավորը՝ հավելելով․ - «Նրա ձերբակալությունը սխալ էր և օրենքի գերակայության ոտնահարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG