Մատչելիության հղումներ

Անկարան պնդում է, որ Սպիտակ տունը խեղաթյուրել է Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցի մանրամասները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան

«Սպիտակ տունը ստում է Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցի մանրամասների վերաբերյալ», - պնդում են թուրքական իշխանությունները: Այդ մասին մի քանի ժամ առաջ հայտարարել են Թուրքիայի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները` չբացահայտելով իրենց ինքնությունը:

Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությանը Էրդողանի թիմակիցները փոխանցել են, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների անցած գիշեր կայացած հեռախոսազրույցից հետո ամերիկյան կողմի տարածած պաշտոնական հաղորդագրությունը խեղաթյուրում է բանակցությունների մի շարք կարևորագույն դրվագների էությունը:

Այսպես, Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, Դոնալդ Թրամփը իր թուրք պաշտոնակցին «կոչ է արել թուլացնել [Սիրիայի հյուսիսում] առկա լարվածությունը, սահմանափակել ռազմական գործողությունների ծավալները և խուսափել քաղաքացիական զոհերից»:

Թրամփը նաև կոչ է արել թուրքական կողմին Սիրիայի հյուսիսում զգուշորեն գործել և խուսափել ցանկացած քայլերից, որոնք կարող են ամերիկյան և թուրքական ստորաբաժանումների միջև բախման վտանգ ստեղծել: Հիշեցնենք, այս պահին Սիրիայի հյուսիսում շուրջ 2 հազար ամերիկացի զինծառայող է տեղակայված:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, Դոնալդ Թրամփը Ռեջեփ Էրդողանի հետ զրույցի ընթացքում խստորեն քննադատել է Միացյալ Նահանգների հասցեին Թուրքիայում հնչող հայտարարությունները՝ դրանք բնութագրելով որպես «ստահոդ և ապակառուցողական հռետորաբանություն»:

Թուրքական կողմը, սակայն, պնդում է, որ Թրամփին վերագրվող այս հայտարարություններից և ոչ մեկը նախագահների հեռախոսազրույցի ժամանակ չի հնչել:

«Նախագահ Թրամփը Աֆրինում ընթացող ռազմական գործողության համատեքստում լարվածության աճի վերաբերյալ որևէ մտահոգություն չի հայտնել: Երկու նախագահները սահմանափակվել են «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ կարծիքներ փոխանակելով», - նշում են «Անադոլու» գործակալության զրուցակիցները` հավելելով․ - «Հեռախոսային բանակցությունների ընթացքում Թրամփը քննարկել է Աֆրինում ընթացող ռազմական գործողությունների համար հստակ ժամկետներ սահմանելու հարցը, ինչպես նաև [երկու երկրների զինվորականների միջև] մարտական գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մանբիջում ամերիկացի զինվորականներ են տեղակայված»:

Հիշեցնենք, երեկ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ «Ձիթենու ճյուղ» գործողության հաջորդ թիրախը հենց Մանբիջի շրջանն է լինելու: Անցած գիշեր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Թրամփին ասել է, որ Մանբիջում իրադրության հետագա սրումից խուսափելու լավագույն ձևը այնտեղից քրդական ջոկատների դուրսբերումն է:

«Նախագահ Էրդողանը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերին» զենքի մատակարարումները, ինչին ի պատասխան Թրամփը հայտարարեց, որ իր երկիրն այդ խմբավորմանն այլևս սպառազինություն չի մատակարարում և հետագայում ևս չի մատակարարի», - պնդում են թուրքական աղբյուրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG