Մատչելիության հղումներ

Իշխանությունները չեն գնդակահարում, բանտ չեն նստեցնում, բայց խնդիրներ ստեղծում են քաղհասարակության համար. Իոաննիսյան


«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը համաձայն է նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից հնչեցրած այն կարծիքին, որ Հայաստանում կա քաղհասարակություն, որն իր դերն ունի հակակոռուպցիոն պայքարում։

«Այս առումով, իհարկե, վիճել չի լինի, այս առումով համաձայն ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննիսյանը։

Քաղհասարակության ներկայացուցիչը միևնույն ժամանակ ընդգծեց՝ իշխանություններն այնուամենայնիվ խոչընդոտներ ստեղծում են քաղհասարակության համար՝ «չեն գնդակահարում, բանտ չեն նստեցնում, բայց խնդիրներ ստեղծում են»։

«Ես ուրախ եմ, որ Հայաստանում քաղհասարակության վիճակն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը կարող է դրա մասին հպարտությամբ խոսել։ Իհարկե, մենք շատ ուրախ ենք, որ իշխանությունները մեզ չեն գնդակահարել, չեն նստեցրել, մեր մեքենաների մեջ կիլոգրամով թմրանյութ չեն գտել, ինչպես լինում է այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ադրբեջանում և այլն, բայց միևնույն ժամանակ արձանագրենք, որ իշխանությունները պարբերաբար խոչընդոտներ ստեղծում են՝ ոչ այդքան մեծ խոչընդոտներ, բայց խոչընդոտներ ստեղծում են։ Երբ մենք, օրինակ, մարտ ամսին հրապարակեցինք 114 տնօրենների մասին նյութը, դրանից ժամեր անց ոստիկանությունում պահվող իմ մասին անձնական բնույթի գաղտնի տեղեկություններ հրապարակվեցին իշխանական թերթերից մեկի միջոցով, որը շատ հստակ մեսիջ է, որ «տեսեք՝ ով որ սենց բան անի, ինքը խնդիրներ կունենա»։ Դա իհարկե չես համեմատի մի կիլոգրամ թմրանյութ մեքենայի մեջ գցելու հետ, ինչի համար շնորհակալ ենք կամ պետք է շնորհակալ լինենք, բայց, ամեն դեպքում, չի կարելի ասել, որ իշխանությունները չեն խոչընդոտում քաղհասարակության հակակոռուպցիոն գործունեությունը, որովհետև եղավ հակակոռուպցիոն հրապարակում և եղավ իշխանությունների խիստ բացասական ռեակցիան դրա հրապարակողների նկատմամբ»։

Հիշեցնենք, երեկ ԵԽԽՎ ամբիոնից խոսելով կոռուպցիայի դեմ պայքարից՝ Հայաստանի նախագահը կարևորեց նաև քաղհասարակության դերն այդ պայքարում, մասնավորապես նշելով. - «Հայաստանում ձևավորվել է ամուր քաղաքացիական հասարակություն և այդ քաղաքացիական հասարակությունն էլ իր ներդրումն է բերում [կոռուպցիոն] հանցագործությունները բացահայտելու և այն կանխարգելելու ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG