Կատալոնիայի ինքնավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը չի բացառում, որ չնայած իսպանական դատախազության կողմից իր դեմ հարուցված քրեական գործին, առաջիկա օրերին ինքը կարող է վերադառնալ Բարսելոնա:
Հոկտեմբերից Բրյուսելում գտնվող Պուչդեմոնը, հիշեցնենք, երկրամասի նորընտիր խորհրդարանի կողմից կրկին առաջադրվել է Կատալոնիայի ղեկավարի պաշտոնում:
«Մեր պահանջն ուղղված է իսպանական պետությանը, որի գործողությունների արդյունքում է ստեղծվել ժողովրդավարությանը հակասող այս կացությունը: Դուք պետք է վերացնենք այն բոլոր գործոնները, որ խոչընդոտում են բնականոն խորհրդարանական բանավեճի անցկացմանը», - նշում էր Պուչդեմոնը, որը լուրջ մտավախություն ունի, որ Բարսելոնա վերադառնալու դեպքում կարող է ձերբակալվել իսպանական ոստիկանության կողմից:
Հիշեցնենք, որ Պուչդեմոնին և նրա զինակիցներին իսպանացի իրավապահները մեղադրում են կենտրոնական իշխանության դեմ ապստամբություն հրահրելու և բյուջետային միջոցների ոչ-նպատակային ծախսման մեջ:
Երեկ Կատալոնիայում ստեղծված կացությանն անդրադարձավ նաև Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը: Իսպանիայի միապետը կատալոնական ճգնաժամին անդրադարձավ Դավոսում կայացած համաժողովի ընթացքում:
«Կատալոնիայում մենք հիմնարար ժողովրդավարական նորմերի ոտնահարման փորձի ականատեսը դարձանք: Հիմնական դասը, որ պետք է քաղեն այդ ճգնաժամից ոչ միայն Իսպանիան, այլև բոլոր ժողովրդավարական պետությունները, հետևյալն է` ժողովրդավարության անկյունաքարը օրենքի գերակայությունն է», - հայտարարում էր Իսպանիայի թագավորը:
Ըստ ամենայնի, Կատալոնիայի նորընտիր խորհրդարանը ինքնավարության նոր ղեկավարին կընտրի հաջորդ շաբաթ` հունվարի 30-ին:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, սակայն, հայտարարում էր, որ եթե Պուչդեմոնը փորձի հեռակա կարգով` Բրյուսելից ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը, ապա Մադրիդը ստիպված կլինի պահպանել Կատալոնիայի ուղղակի կառավարման ռեժիմը: Այդ մասին Իսպանիայի կառավարության ղեկավարը հայտարարեց հունվարի 15-ին` իշխող Ժողովրդական կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ: