Մատչելիության հղումներ

Սպառողական զամբյուղում կալորիականություն ապահովող պարենային 11 ապրանքների գները 5.8 տոկոսով աճել են. տնտեսագետ


Տնտեսագետ Արտակ Մանուկյանի հաշվարկներով՝ սպառողական զամբյուղում կալորիականություն ապահովող պարենային 11 ապրանքների գները նոյեմբերի դրությամբ 5.8 տոկոսով աճել են։

Տնտեսագետի խոսքով՝ պետությունը 5.8 տոկոսով մարդկանց բարեկեցությունը բարձրացնելու փոխարեն հայտարարում է, որ երկու տարի չի կարող եկամուտ ավելացնել։

Մանուկյանն այստեղ վտանգներ է տեսնում։

«2017 թվականի հունվար ամսվա արժեքը նվազագույն կալորիականություն ապահովող պարենային ապրանքների համար կազմում էր 32 հազար 157 դրամ։ Հասարակ բան ենք փորձել անել․ վերցրել ենք հունվար-նոյեմբերի գների ինդեքսը ԱՎԾ-ի հրապարակած՝ նոյեմբերի գներով կալորիականություն ապահովող պարենային 11 ապրանքների գները ինչ կարժենային, ասեմ, որ 5.8 տոկոսով աճել է, այսինքն՝ կդառնա 34 հազար դրամ։ Նորմալ երկրներում պետությունը պետք է փորձեր հավելյալ այս 5.8 տոկոսով էս մարդկանց բարեկեցությունը բարձրացնել։ Իսկ Ֆինանսների նախարարն ասում է՝ «գիտեք ինչ, երկու տարի ես չեմ կարող ձեր եկամուտները հավելյալ ավելացնել», - ասաց տնտեսագետը։

Մանուկյանի գնահատմամբ, անհավասար պայմաններում ավելի հավանական է, որ անապահով խավն ուղղակի ֆիզիկապես գոյություն չի ունենա․ - «Սրանով մենք հասկանում ենք, որ սոցիալապես անապահով խավը, որի համար էլ այս կենսամինիմումից հաշվարկվում է, նա անհավասար պայմաններում ավելի հավանական է, որ ֆիզիկապես գոյություն չի ունենա, եթե մենք չկարողանանք հավելյալ նրանց այս կալորիականությունը բարձրացնել»։

Տնտեսագետը նշում է՝ կառավարությունը պետք է նախապես պատրաստված լիներ այս փոփոխություններին։

Հիշեցնենք՝ տարեսկզբից Հայաստանում մինչև 15 տոկոսով թանկացել են բենզինն ու մեքենաների լիցքավորման գազը, գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքը։

Իսկ Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ հունվարի 1-ից խաղի նոր կանոններ են սահմանվել և փոփոխության են ենթարկվել եկամտահարկի դրույքաչափերը: Նախկինում 150 հազարից ավելի աշխատավարձ ստացողների եկամտային հարկը 26 տոկոս էր, այժմ այն դառնում է 28 տոկոս: Փոխարենը՝ մինչև 150 հազար դրամ աշխատավարձերը կհարկվեն ոչ թե 24.4, այլ 23 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG