Մատչելիության հղումներ

Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով սկսվել են քամու ռեսուրսի չափումները


Հայաստան - Գեղարքունիքի մարզում տեղադրված աշտարակը
Հայաստան - Գեղարքունիքի մարզում տեղադրված աշտարակը

Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով սկսվել են քամու ռեսուրսի չափումները։ Այդ մասին տեղեկացնում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։

«Հայաստանում հողմային խոշոր կայանների կառուցմամբ հետաքրքրված էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը, քամու ռեսուրսի չափման նպատակով, Գեղարքունիքի մարզում աշտարակ է տեղադրել, ինչպիսին մինչ այժմ Հայաստանում չի եղել։ Աշտարակի բարձրությունը հասնում է 80 մետրի։ Այն կգործարկվի մոտ օրերս», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ նախարարության, ապրիլին նախատեսվում է տեղադրել ևս մեկ աշտարակ՝ այլ վայրում։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով՝ դեռևս անցած տարվա մարտին Կառավարությունը որոշում է ընդունել աջակցել «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը մինչև 150 մեգավատտանոց գումարային հզորությամբ քամու կայաններ կառուցելու գործում։

«Եթե սպասելիքներն արդարանան, ապա առաջիկա երկու-երեք տարում կարող ենք ունենալ աշխարհում նմանը չունեցող հողմակայան։ Այն լինելու է լեռնային և ամենաբարձր կայանը, որտեղ նախատեսվում է կիրառել նորարարական բազմաթիվ լուծումներ», - ասել է Հայկ Հարությունյանը։

Նախարարությունը նշել է, որ Հայաստանում հողմային էլեկտրակայանի կառուցմամբ հետաքրքրված է նաև իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերությունը։

Անցած տարվա մարտին ընկերությունը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր` 100-150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ:

«Ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացնումը: Տեղադրվել է 80 մետր բարձրությամբ երկու մոնիթորինգային կայան և մեկ «Sodar» համակարգ: Յուրաքանչյուր կայան համալրված է 8 հողմաչափով, 3 հողմացույցով, 2 ջերմա-խոնավաչափով և 1 մթնոլորտային ճնշաչափով», - ասել է Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG