Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին


Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Ֆրանսիա:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանի այցի ծրագիրը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ:

Զրուցակիցները երկուստեք փաստել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած քսանվեց տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ կապերի վերընթաց զարգացմամբ և այդ հարաբերությունները կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ, ինչի վկայությունն են բոլոր մակարդակների երկկողմ ակտիվ շփումները։

Հայաստանի նախագահը և Փարիզի քաղաքապետը ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները թե՛ Փարիզում և թե՛ Երևանում` ընդգծելով գործընկեր մայրաքաղաքների միջև զարգացող ու ամրապնդվող համագործակցությունը, որում, ըստ նախագահի, մեծ է քաղաքապետ Անն Իդալգոյի անձնական ներդրումը։

Նախագահը հույս է հայտնել, որ փոխադարձ վստահությունը, ինչպես նաև տիկին Իդալգոյի՝ Հայաստան կատարած այցերի տպավորությունները կնպաստեն Երևանի ու Փարիզի միջև առավել համարձակ և առարկայական ծրագրերի իրականացմանը։

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անն Իդալգոյին` Փարիզը «Հորիզոն 2020»-ի շրջանակներում Եվրոպայում ամենանորարար, ամենաստեղծարար քաղաքը ճանաչվելու կապակցությամբ։ Նախագահը նշել է, թե տեղյակ է, որ Փարիզի ու Երևանի քաղաքապետարանների միջև գրեթե ամենօրյա սերտ շփումներ կան, և որ Փարիզը պատրաստակամ է Երևանի հետ կիսելու իր լավագույն փորձն ու արդեն կան այդ պատրաստակամության շատ որոշակի դրսևորումներ:

Անն Իդալգոն դրվատանքով է խոսել Փարիզի հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել և զգալի ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, ինչպես նաև հասարակական, քաղաքական կյանքում:

Փարիզի քաղաքապետը հիացմունքով է արտահայտվել նաև «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին` նախագահին տեղեկացնելով, որ նախատեսում են ընթացիկ տարում հայկական նախագիծ հանդիսացող «ԹՈՒՄՈ»-ի օրինակով կենտրոն ստեղծել Փարիզում, որը կդառնա երկկողմ բարեկամության ևս մի կամուրջ։

Սերժ Սարգսյանը, հանդիպման պատեհ առիթով, քաղաքապետ Անն Իդալգոյին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաք Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին: Փարիզի քաղաքապետը շնորհակալությամբ և սիրով ընդունել է հրավերը:

Ըստ հաղորդագրության, Սարգսյանն ընդգծել է, որ «հայ ժողովուրդը երախտապարտ ժողովուրդ է և ջերմությամբ է իր պատմության էջերում պահում այն անունները, որոնք հաղորդակից են իր խնդիրներին»։

Այս համատեքստում նախագահը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Անն Իդալգոյին՝ հայերին հուզող խնդիրների և փարիզաբնակ հայերի հանդեպ նրա կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրության և զգայունության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ստորագրված շրջանակային համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանը և Հայաստանում իրականացվելիք բարեփոխումներին:

Հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանում, ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի այցելության, տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության ժամանակ Սերժ Սարգսյանը և Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG