Մատչելիության հղումներ

Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ


Կարեն Կարապետյանի և Հանս-Պոլ Բյորների հանդիպումը, Դավոս, 23-ը հունվարի, 2018թ․
Կարեն Կարապետյանի և Հանս-Պոլ Բյորների հանդիպումը, Դավոս, 23-ը հունվարի, 2018թ․

Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում այսօր հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, խորհրդատվության ոլորտում «Մեծ եռյակ»-ի ընկերություններից մեկի՝ «Բի Սի Ջի»-ի (Boston Consulting Group, BCG) նախագահ Հանս-Պոլ Բյորների հետ վարչապետը քննարկել է «Բի Սի Ջի» և «Բի Սի Ջի Դիջիթլ Վենչուրս» ընկերությունների հետ համագործակցության հեռանկարները: Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ընկերության համար՝ ինչպես որպես առանձին երկիր, այնպես էլ որպես տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու հարթակ՝ նշելով, որ լինելով ԵԱՏՄ անդամ, Հայաստանն օգտվում է նաև Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, իսկ հարևան Իրանի հետ սահմանին ստեղծվում է Մեղրի ազատ տնտեսական գոտին, որը գործակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել: Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության հեռանկարային ուղղություններին:

«Մեծ եռյակ»-ում, բացի «Բի Սի Ջի»-ից, ընդգրկված են նաև McKinsey և Bain & Company ընկերությունները: Ներկայումս «Բի Սի Ջի» ընկերությունը գրասենյակներ ունի 50 երկրում:

ՎԵՈՆ (VEON) ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի և արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է ՎԵՈՆ-ի հետ հաստատված համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում և կավելացնի ներդրումների ծավալը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար:

ՎԵՈՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված են 2017 թվականի արդյունքներով, և իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու: «Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին ու տարածաշրջանին և կարծում ենք, որ այն ավելի գրավիչ է դառնում օտարերկրյա ներդրողների համար», - նշել է Ժան Իվ Շարլիեն՝ տեղեկացնելով, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG