Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումը


Ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբը ելույթ է ունենում 48-րդ ֆորումի բացմանը, 22-ը հունվարի, 2018թ.

Դավոսում են աշխարհի քաղաքական և տնտեսական վերնախավը, հասարակական լիդերներն ու շոու բիզնեսի աստղերը:

Ամեն տարի հունվարին շվեյցարական այդ գեղեցիկ ավանում հավաքվում են պետությունների, միջազգային ֆինանսական կառույցների և վերազգային խոշոր ընկերությունների ղեկավարներն ու քննարկում աշխարհի առաջ ծառացած մարտահրավերները: Այս անգամ ներկա է մոտ երկուսուկես հազար մասնակից:

Համաշխարհային տնտեսական ֆորումի կենտրոնակայանը Ժնևում է, սակայն ամենամյա հավաքները տեղի են ունենում Դավոսում, որը ժամանակին հայտնի էր սոսկ որպես լեռնադահուկային սպորտի և հանգստի սիրահարների կենտրոն, սակայն 1971 թվականից ի վեր դարձել է մի յուրօրինակ «գլխավոր ասամբլեա», որը հիմնադրել է գերմանացի տնտեսագետ Կլաուս Շվաբը:

Այս տարվա Համաշխարհային տնտեսական ֆորումը թվով արդեն 48-րդն է, այն գումարվում է այսօր և կավարտվի ուրբաթ օրը՝ հունվարի 26-ին:

Ֆորումի մասնակիցները Դավոս են ժամանում գերլարված շրջանում և պետք է քննարկեն անհապաղ լուծումներ պահանջող հարցեր:

Սիրիայում քաղաքացիական պատերազմ է, այդ երկրից, ինչպես նաև Իրաքից, Աֆղանստանից, Լիբիայից միլիոնավոր մարդիկ ստիպված լքել են իրենց բնակավայրերը, ապաստանել են հարևան պետություններում կամ փորձում են հասնել Եվրոպա:

Կորեական թերակղզում տեսականորեն հնարավոր է այնպիսի պատերազմ, որը պատուհաս կդառնա ամբողջ մարդկության համար:

Շարունակվում է մեծ տերությունների թեժ պայքարը տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում ազդեցությունն ամրապնդելու և մեկմեկու դուրս մղելու համար: Է՛լ ավելի է վատթարացել մոլորակի էկոլոգիան:

Տնտեսության առումով կան դրական ազդակներ, որոնք վկայում են որոշակի աճի մասին, սակայն ոչ ոք չի համարձակվում բացառել համաշխարհային նոր ճգնաժամի վտանգը:

Տասնյակ երկրներում միլիոնավոր մարդկանց տարրական իրավունքները ոտնահարվում են, բնակիչները տառապում են խմելու ջրի ու պարենի պակասից, համաճարակներից, չունեն աշխատանք, չունեն կրթություն կամ բուժօգնություն ստանալու հնարավորություն՝ այն դեպքում, երբ գիտությունը վիթխարի առաջընթաց է գրանցում, իսկ թվայնացումը դառնում է զարգացման որոշիչ գործոն:

Այս և բազմաթիվ այլ հարցեր են հուզում մեծ ու փոքր բոլոր երկրներին:

Նշենք, որ Հայաստանը Դավոսում ներկայացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը:

48-րդ ֆորումի թեմատիկ կարգախոսն է «Մասնատված աշխարհում կերտել միացյալ ապագա»:

Բոլորն անհամբերությամբ սպասում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ով հատուկ եզրափակիչ ուղերձով է հանդես գալու Դավոսում և, ամենայն հավանականությամբ, նորից կընդգծի, որ իր համար առանցքայինը «Նախևառաջ՝ Ամերիկան» կարգախոսն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG