Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը կոչ է արել Թուրքիային զսպվածություն ցուցաբերել Սիրիայում:
Ֆրանսիան ևս մտահոգություն է հայտնել հարևան երկրում քրդերի դեմ Անկարայի սկսած ռազմական գործողությունների վերաբերյալ: «Հասկանալով հանդերձ Թուրքիայի մտահոգությունները սահմանային անվտանգության շուրջ՝ մենք չենք կարող Անկարայից չպահանջել առավելագույն զսպվածություն ցուցաբերել», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
Հակառակ այս կոչերին՝ Թուրքիան սպառնում է Աֆրինից հետո հարձակվել հարևան Մանբիջի վրա: «Մանբիջի ահաբեկիչները շարունակաբար կրակ են արձակում մեր ուղղությամբ, եթե Ամերիկան չի կարողանում սրան վերջ տալ, մենք դա կանենք», - ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ պնդելով, թե այս մասին զգուշացրել է նաև ամերիկացի գործընկերոջը՝ Ռեքս Թիլերսոնին:
Թուրքական զինուժը անցած շաբաթավերջից ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում՝ Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդերի դեմ, որոնք ՆԱՏՕ-ի ուժերի հետ պայքարում էին «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: