Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է բերում Սիրիա Թուրքիայի ներխուժման հարցը


Թուրքիայի զինված ուժերի տանկը շարժվում է դեպի թուրք-սիրիական սահման, 18-ը հունվարի, 2018թ.

Ֆրանսիան ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում՝ քննարկելու թուրքական բանակի ներխուժումը Սիրիա: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, իր հերթին, հրապարակավ կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային զսպվածություն ցուցաբերել և սահմանափակել ռազմական գործողությունները հարևան երկրի տարածքում:

Պետդեպարտամենտի հաղորդմամբ, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այս հարցով նախօրեին հեռախոսազրույց է ունեցել թուրք և ռուս գործընկերների հետ՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Չնայած միջազգային հանրության ու դաշնակիցների մտահոգություններին, Անկարան պնդում է՝ շարունակելու է ռազմական արշավը, մինչև հասնի իր նպատակին՝ մաքրի սահմանամերձ շրջանները քրդերից:

«Մենք ետ չենք կանգնի և կջախջախենք բոլոր նրանց, ովքեր սպառնում են Թուրքիային», - երեկ հայտարարեց նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հրապարակավ կոչ անելով քրդերին հույսները չդնել Միացյալ Նահանգների աջակցության վրա․ - «Իմացեք, եթե անգամ հույս ունեք, թե ձեր ետևում Ամերիկան է կանգնած, եթե անգամ հույս ունեք, թե Նահանգները զենք է ուղարկելու ձեզ, միևնույն է՝ դուք չեք կարողանալու հաղթել Թուրքիային ու թուրք ժողովրդին»:

Փորձագետները փաստում են, որ Անկարայի այս քայլը է՛լ ավելի կսրի թուրք-ամերիկյան՝ վերջին շրջանում լարված հարաբերությունները: Տարիներ շարունակ Վաշինգտոնն աջակցում է Սիրիայի քրդական միավորումներին, որոնք ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի հետ պայքարում են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Անկարան, մինչդեռ, որ տասնամյակներով փորձում է ճնշել քրդական հարցը սեփական երկրում, պնդում է՝ չի հանդուրժելու սահմանին օր-օրի ամրապնդվող ու հզորացող քրդական ներկայությունը:

«Սա համազգային պայքար է, մենք կջախջախենք յուրաքանչյուրին, որ դուրս կգա մեր դեմ, սա պետք է բոլորն իմանան, և եթե ոմանք, անսալով քրդերի կոչին, փողոց դուրս կգան, շատ թանկ կվճարեն դրա համար», - սպառնաց Էրդողանը:

Պաշտոնական Անկարան քննադատել է նաև Փարիզին՝ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բերելու համար: «Մենք հույս ունեինք, որ Ֆրանսիան մեր դաշնակիցը կլինի և կկանգնի Թուրքիայի կողքին, հակառակ դեպքում՝ ստացվում է, որ նրանք դաշնակցում են ահաբեկիչների հետ», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Սիրիայի կառավարությունն ու նախագահ Բաշար ալ-Ասադը դատապարտել են թուրքական ագրեսիան՝ կոչ անելով միջազգային հանրությանը անհապաղ դադարեցնել այն:

Ռուսաստանը, որ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում աջակցում էր նախագահ Ասադին, հայտարարել է, թե այս տարաձայնությանը չի միջամտելու: Պետդումայի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանց Կլինցկևիչը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանն ասել է՝ Մոսկվան քայլեր կձեռնարկի միայն այն ժամանակ, երբ վտանգի տակ կհայտնվեն Սիրիայում տեղակայված ռուսական ռազմակայանները: BBC-ի տեղեկություններով` Աֆրինի օդակայանում գտնվող ռուս զինվորականները Թուրքիայի կողմից սկսված հարձակումներից հետո լքել են տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG