Մեկ մարդ մահացել է, 32-ը վիրավորվել Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական Ռեյհանլը քաղաքի վրա սիրիական կողմից հրթիռի արձակման հետևանքով, հայտնում են պաշտոնական աղբյուրները:
Այն, որ քաղաքի վրա հրթիռ է արձակվել, Ստամբուլում լրագրողների հետ զրույցում հաստատել է նաև Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Այսօր ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե երկրի զինուժը հատել է Սիրիայի հետ սահմանը` Աֆրին շրջանում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Բինալի Յըլդըրըմը չէր նշել, թե ռազմական այս գործողություններին քանի թուրք զինվոր է մասնակցում, սակայն պնդել էր, որ դրանց նպատակն է «30 կիլոմետր անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի տարածքում»:
Մինչ այդ թուրքական զինուժը հայտարարել էր, թե արդեն երրորդ օրը շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում հարվածներ է հասցրել քրդական 153 օբյեկտների: Ըստ պաշտոնական հաղորդագրության, դրանց թիրախում են եղել քրդերի ռազմական հենակետերն ու զինանոցները:
Քրդերը, սակայն, հայտարարում են քաղաքացիական զոհերի մասին: «Ֆրանսպրես»-ի հետ զրույցում վերջիններս պնդել են, թե թուրքական կողմի հարվածներից առնվազն յոթ խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բուրսայում դիմելով իր կուսակիցներին՝ հայտարարել է, որ կջախջախի նրանց, ովքեր սպառնում են Թուրքիայի ազգային պայքարին: Դիմելով Սիրիայի քրդական ուժերին՝ Էրդողանն ասել է ․ - «Դուք չեք կարող հույս դնել ԱՄՆ-ի աջակցության վրա՝ Թուրքիային հաղթելու համար»:
«Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ, Էրդողանը նաև ընդգծել է, թե Թուրքիայի դաշնակիցներից ոմանք 2 հազար օդանավերով, 5 հազար բեռնատարներով զենք և զինամթերք են տրամադրել քրդական ուժերին:
Ըստ վերլուծաբանների, այս ներխուժման հետևանքով կարող են էլ ավելի սրվել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները:
Անկարան արդեն երրորդ օրն է` փաստացի ռազմական գործողություններ է իրականացնում Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդերի դեմ, չնայած Վաշինգտոնը շաբաթասկզբին կրկին հորդորել էր Անկարային այդ քայլին չգնալ և ուժերը կենտրոնացնել տարածաշրջանում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի վրա:
Իրանը այսօր կոչ է արել վերջ դնել թուրքական ներխուժմանը Սիրիա՝ պնդելով, որ դա կարող է օգնել «ահաբեկիչներին»:
Երեկ թուրքական ագրեսիան դատապարտել է նաև Սիրիայի կառավարությունը` կոչ անելով միջազգային հանրությանը անհապաղ դադարեցնել այն:
Ըստ «Ֆրանսպրես» և «Ռոյթերզ» գործակալությունների