Մատչելիության հղումներ

Ստամբուլում հավաք անցկացվեց Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ


«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», նման կոչերով այսօր Ստամբուլում տարբեր ազգության հարյուրավոր մարդիկ հարգեցին հայազգի մտավորական Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցը։

Հավաքը, ինչպես ամեն տարի, տեղի ունեցավ Դինքի հիմնադրած «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագրության առջև, որտեղ էլ 2007 թվականի հունվարի 19-ին թուրք ազգայնականի կողմից գլխին արձակված կրակոցներից սպանվել էլ հայազգի լրագրողը։

11 տարի առաջ Դինքի սպանությունը ցնցեց թուրքական հանրությանը, շուրջ հարյուր հազար մարդ մասնակցեց նրա հուղարկավորությանը, մեկնարկեցին «Հրանտի համար, արդարության համար» կոչերով ցույցերը։ Այսօր էլ «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագրության պատշգամբից ելույթներ ունեցան Դինքի ընկերները՝ դատապարտելով ֆաշիզմն ու պահանջելով արդարություն։

Թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պետք է ներողություն հայցել Դինքից, քանի որ նրա սպանության գործով արդարության հասնել դեռ չի հաջողվել․ - «Հրանտ Դինքը փորձում էր բոլոր հայերին, թուրքերին ու քրդերին հաշտեցնել։ Նա նշանակալի աշխատանք է կատարել Ցեղասպանության հարցում՝ ասելով, որ մենք կարող ենք առերեսվել Ցեղասպանությանը՝ արդարադատությամբ: Բայց սա վտանգ էր պետության համար, որը ստեղծվել է մեծ հանցանքի վրա: Այս մասին էլ խոսում էր Դինքը՝ բացատրելով թուրք և քուրդ ժողովուրդներին Եղեռնի հարցում արդարության կարևորությունը։ Բայց նրանք սպանեցին Դինքին: Պետական իրավապահ մարմինները այդ հանցագործության վկաներն էին ու նրանք խրախուսեցին այդ երիտասարդին սպանելու Հրանտ Դինքին ու պարզապես դիտեցին այդ սպանդը։ Ցավոք սրտի, 11 տարվա ընթացքում մենք չենք կարողացել հասնել արդարության Հրանտ Դինքի համար»:

Թուրքիայի Մալաթիայի շրջանում ծնված Դինքը հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման առաջամարտիկն էր ու, չնայած Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար մի քանի անգամ կանգնել էր թուրքական դատարանի առաջ ու պայմանական ազատազրկվել, այդուհանդերձ պնդում էր, որ Եղեռնի ճանաչման հարցը պետք է լուծվի ոչ թե երրորդ երկրների խորհրդարաններում, այլ Թուրքիայի ներսում՝ ժողովրդավարացման ճանապարհով։

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանի կարծիքով, թուրքական պետությունն այսօր էլ շարունակում է հանցավոր քաղաքականությունը․ - «Պետությունը շարունակում է հանցագործություններ գործել փոքրամասնությունների՝ քրդերի, ալևիների ու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դեմ են պետական գաղափարախոսությանը: Մենք պետք է կանգնեցնենք նրանց ովքեր ուզում են պատերազմել այլ ինքնությունների դեմ»:

Ավանդաբար Դինքի հիշատակին նվիրված հավաքն ուղեկցվում էր երթով դեպի Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակ, սակայն երկու տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո մինչև օրս Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պատճառով երթերն արգելված են։

Չնայած, որ Դինքի սպանության համար 17-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամաստը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման, որպես սպանության պատվիրատու մեկ անձ էլ դատապարտվել է ցմահ ազատազրկման, այդուհանդերձ մինչ և օրս հայազգի մտավորականի սպանության գործը դատարանում է։ Նրա շահերը ներկայացնող փաստաբանի փոխանցմամբ՝ այս պահին Դինքի սպանության գործով 85 կասկածյալ և 11 ամբաստանյալ կա։

Հայտնի լրագրողի հարազատները վստահ են՝ ոչ բոլոր մեղավորներն են բացահայտված։

Հրանտ Դինքի նախկին գործընկեր, ստամբուլահայ Սևան Աթաօղլուի կարծիքով, տեսանելի ապագայում Դինքի սպանության բացահայտում ակնկալել պետք չէ․ - «Հրանտ Դինքի դատին հետևողները լավ տեսնում են, որ սա մի մարդու [դեմ] մահափորձ չէր, շատ մեծ հաշիվներ կար դրա վրա՝ ընդհանուր Թուրքիայի հետ, Անկարայի հետ կապված»:

XS
SM
MD
LG