Մատչելիության հղումներ

2017-ի տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս. ֆինանսների նախարար


Ֆինանսների նախարարության գնահատականներով՝ 2017 թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս (կանխատեսված 4.3 տոկոսի դիմաց), ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը` 1.5 տոկոս, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 3,799.8 ԱՄՆ դոլար: Այդ մասին այսօր զեկուցել է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նախարարություն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետը նախարարությունում ծանոթացել է 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018-ի անելիքներին:

Նախարարը նշել է, որ կանխատեսումների համեմատ ավելի բարձր՝ 6.7 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության և զուտ հարկերի ոլորտներում սպասվածից ավելի բարձր զարգացումներով:

«2017 թ. արտաքին առևտրի մասով, նախորդ տարվա համեմատ, արտահանման աճը, ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով, կկազմի շուրջ 23.5 տոկոս, իսկ ներմուծումը կաճի մոտ 28 տոկոսով: Տարվա արդյունքներով դրամական փոխանցումների աճը գնահատվում է 13.4 տոկոս: Ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի ՀՆԱ շուրջ 4 տոկոսը` մոտենալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ նախարարի, 2017-ի պետբյուջեի եկամուտները կազմել են 1237,2 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով: «Հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 1158,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 7.3 տոկոսով: Հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 21.1 տոկոս, իսկ ճշգրտված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 20.8 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0.5 տոկոսային կետով: 2017 թ. պետբյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 1417.3 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ նվազելով 2.2 տոկոսով, ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 1,2 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ 13,0 տոկոսով։ Զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2017 թ. պետբյուջեի պակասուրդը կազմել է 180.2 մլրդ դրամ՝ ՀՆԱ 3.3 տոկոսը` նախորդ տարվա 5.5 տոկոսի դիմաց», - ասել է Արամյանը։

Վարչապետը հանձնարարել է հանրությանը հնարավորինս շուտ իրազեկել 2017-ի պետական բյուջեի գերակատարման արդյունքների վերաբերյալ։

«Այն, ինչ մենք օրենքով բյուջեով նախատեսել էինք, գերակատարել ենք, այն, ինչ մենք կառավարության որոշմամբ ընդունել ենք, դրանով դրել ենք մի ծանրաձող, որպեսզի մոտիվացիա լինի: Դա մեր ներքին փաստաթուղթն է. այն, ինչի համար մենք պատասխանատու ենք հանրության առջև, օրենքով հաստատված բյուջեն է, և մենք այդ այն գերակատարել ենք, անպայմանայդ մասին պետք է իրազեկել հանրությանը: Մենք հաշվետու ենք լինելու այն բյուջեի առջև, որն ԱԺ-ում հաստատվել է», - ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է ֆինանսների նախարարությանը՝ 2018 թվականի համար չափազանց կոշտ դիտարկել ծախսերը։ «2017թ. մենք ցուցաբերել ենք կոշտություն, բայց հիմա ոլորտային հաշվետվությունները լսելիս, բոլոր այն նախարարություններում, որտեղ եղել եմ, կախված ոլորտի առանձնահատկությունից՝ մի միավորի գների նվազեցումը կազմում է 15-23 տոկոս: Մենք շատ կոշտ պետք է դրան հետևենք: Այս տարի էլ ամբողջը պետք է ձգել, որպեսզի հասկանանք՝ թամբային կետը որն է»:

Այս համատեքստում վարչապետ Կարապետյանն անդրադարձել է պետական ապարատի ծախսերի կրճատման խնդրին՝ նշելով, որ այն մեծ է, քան պետք է լինի, բայց այդ մեծությամբ հանդերձ պետական կառավարման մակարդակը լավագույնը չէ:

«Պետական ապարատի կրճատումը, ոչ լավագույն մասնագետներով համալրումը կառավարումը չի լավացնի: Լավ մասնագետներին շուկայից բերելը թանկ է, խնդիր է, որը մինչև չլուծենք, չենք ունենալու լավ կառավարում, և դրա համար մենք պետք է ունենանք ստրատեգիա: Մենք Տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունների բազայի վրա փորձնական ծրագիր ենք անում, որի արդյունքները այս եռամսյակի վերջ կունենանք, և եթե այդ բանաձևն աշխատի, պետք է նման ձևով տարածենք մնացած նախարարությունների վրա», - նշել է վարչապետը:

Վարչապետին ներկայացվել են պետական պարտքի կառավարման առումով 2017-ի իրականացված միջոցառումները, որոնք ուղղված են եղել պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկայի զարգացմանը, պարտքի մինչև մարում ժամկետի երկարացմանը, պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության համակարգի ներդրմանը, պարտքային քաղաքականության հրապարակայնության և թափանցիկության ապահովմանը և այլն: 2018 թ. նախատեսվում է իրականացնել երկրորդային շուկայի ակտիվացմանն ու զարգացմանը և ՀՀ կառավարության պարտքի կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքներ:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է առկա վարկային և դրամաշնորհային ծրագրերին և հանձնարարել ֆինանսների նախարարությանը ամբողջական փաստաթուղթ ներկայացնել բոլոր ծրագրերի վերաբերյալ. - «Մենք պետք է վստահ լինենք, որ այն հնարավոր դրամաշնորհները, որոնք մեր երկիրը կարող է ստանալ, որոշակի պարտավորություններ կատարելով և չկատարելով, մենք առավելագույնն ստանում ենք: Ես այսօր այդ ազդակն ամփոփ տեսքով չեմ տեսնում: Խնդրում եմ, որ դա ֆինանսների նախարարությունում կազմակերպվի, և 2018 թվականին մեր պլանը գծվի, որտեղ յուրաքանչյուրն իմանալու է իր անելիքը ո՞րն է, ի՞նչ բոնուս է ստանալու դրա դիմաց, և եթե չի կատարում, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու»:

Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ որոշ ծրագրերի վերանայման անհրաժեշտություն կա։ «Պետք է վարկային մեր բոլոր ծրագրերը գույքագրենք, դրանց կատարողականները նայենք, և եթե հնարավորություն կա, ուսումնասիրենք վարկային պարտավորությունների վերանայման խնդիրը», - ասել է վարչապետը:

Մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել նաև պետական գնումների ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը մատնանշել է 2018-ին նախարարության գործունեության առաջնահերթությունները. - «2018 թվականը չափազանց կարևոր է. նախ մեր ֆինանսական կարգապահությունը, ծախսերի հետևից գնալը պետք է մաքսիմալ հետևողական բերենք, հասցնենք այն օբյեկտիվ անհրաժեշտությանը, որը կա: Երկրորդ՝ մենք այս տարի պետք է երկարատև կայուն աճի, կապիտալ ենթակառուցվածքային և այլ ծախսերի հիմքեր դնենք: Երրորդ՝ մենք պետք է անցնենք 2019 թ. բյուջեն նոր կարգավիճակով տրամադրելու: Չորրորդ ՝ վարկային դրամաշնորհային քաղաքականության մեջ պետք է ունենանք հստակ մի օղակ, որը հսկում է և ազդակներ է տալիս, թե ինչ է կատարվում: Հինգերորդ՝ պետք է մտածենք պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG