Մատչելիության հղումներ

Սիրիայի հետ սահմանագծին տեղակայված թուրքական զորքերը մարտական պատրաստության են բերվել


Թուրքական ուժեր՝ Սիրիայի հետ սահմանագծին, արխիվ
Թուրքական ուժեր՝ Սիրիայի հետ սահմանագծին, արխիվ

«Թուրքիայի հարավ-արևելքում տեղակայված բանակային ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի հատել Սիրիայի հետ սահմանը»: Պաշտոնական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` նման որոշում է ընդունվել Թուրքիայի Ազգային Անվտանգության խորհրդի` երեկ երեկոյան կայացած նիստում:

«Անհրաժեշտ է անհապաղ քայլերի դիմել՝ Սիրիայի արևմտյան շրջաններից Թուրքիային սպառնացող ցանկացած վտանգ չեզոքացնելու նպատակով»,- նշված է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ: «Թուրքիան չի հանդուրժի իր սահմանների երկայնքով ահաբեկիչների բանակի ստեղծումը»,- նշել են նիստի մասնակիցները:

Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնությամբ Անվտանգության խորհուրդը շտապ նիստ գումարեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստվում է Սիրիայի հյուսիսում 30 հազարանոց սահմանապահ ուժեր ստեղծել, որոնց կորիզը կազմելու են քրդական ջոկատների մարտիկները: «Թուրքիայի իշխանությունների համբերությունը սպառվել է»,- Ազգային Անվտանգության խորհրդի նիստից անմիջապես հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

«Հյուսիս-ատլանտյան դաշինքը, Միացյալ Նահանգները աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող ահաբեկչական կազմակերպություններին: Դա անընդունելի է և պարզապես անբացատրելի»,- նաև նշել է թուրքական կառավարության ներկայացուցիչը:

Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, պնդում է, որ թուրքական կողմը, դիմելով կտրուկ քայլերի, առաջնորդվում է սխալ տեղեկատվությամբ: «Այս ողջ կացությունը սխալ է ներկայացվել մարդկանց կողմից, որոնք ճիշտ չեն ձևակերպել իրենց մտքերը»,- երեկ Վանկուվերում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Իր թուրք պաշտոնակցի հետ բանակցություններից քիչ անց, ժամանելով Ստենֆորդի համալսարան, Թիլերսոնը կրկին անդրադարձել է Թուրքիայից հնչող վերջին հայտարարություններին` խոստանալով, որ Վաշինգտոնը դրանք չի անտեսի:

«ԱՄՆ-ն հաշվի է առնում և լրջորեն է վերաբերում NATO-ի մեր դաշնակցի` Թուրքիայի կողմից հնչեցվող մտահոգություններին: Մենք ընդունում ենք «Իսլամական պետության» դեմ պայքարի ընթացքում Թուրքիայի գործադրած մարդասիրական ջանքերն ու ռազմական ոլորտում կատարած զոհաբերությունները: Մենք պետք է սերտորեն համագործակցենք Թուրքիայի հետ` Սիրիայի նոր ապագան կառուցելու ճանապարհին: Ապագա, որը կապահովի Սիրիայի հարևանների անվտանգությունը»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Անկարային, սակայն, ամերիկյան իշխանությունների բացատրությունները չեն գոհացնում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր CNN Turk հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Անկարան Սիրիայի խնդրում ամերիկացիներին չի վստահում: Փոխարենն, ըստ Չավուշօղլուի, Թուրքիան պատրաստվում է Սիրիայի քրդաբնակ շրջաններում ծրագրվող ռազմական գործողությունները համակարգել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

«Աֆրինում սպասվող գործողություններին Ռուսաստանը չպետք է ընդդիմանա: Հարկավոր է պարզապես համակարգել իրավիճակը Սիրիայում գտնվող ռուսաստանցի [ռազմական] դիտորդների հետ` հնարավոր միջադեպերից խուսափելու համար: Մենք բանակցում ենք թե՛ ռուսների, թե՛ իրանցիների հետ` օդային տարածքն օգտագործելու շուրջ, քանի որ դա այլ պետության օդային տարածքն է»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Հավելենք, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերի սպասվող գործողությունների հարցն այս պահին քննարկվում է Ռուսաստանի մայրաքաղաքում: Մի քանի ժամ առաջ Մոսկվա ժամանեցին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը և Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության տնօրեն Հաքան Ֆիդանը: Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում ստեղծված կացությունը նրանք քննարկում են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG