Մատչելիության հղումներ

Նախագահի նստավայրում կայացել է 2017-ի պետական մրցանակների հանձնման արարողությունը


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հրամանագրով 2017 թվականի պետական մրցանակների արժանացած անձանց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Գուրգեն Խանջյանը՝ «Տուր ձեռքդ, պստլո» գրքի համար (գրականության և հրապարակախոսության ոլորտ), Էդուարդ Հայրապետյանը՝ «Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Մհեր Մկրտչյանը (ռեժիսոր), Վահագն Հակոբյանը (բեմադրող օպերատոր), Սամվել Թադևոսյանը (դերասան), Ռուբեն Ջաղինյանը (պրոդյուսեր) և Կարեն Ղազարյանը (պրոդյուսեր)՝ «Կյանք ու կռիվ» (երկու մասից) խաղարկային ֆիլմի համար:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել ճարտարապետներ Սարգիս Սարդարյանը, Ռուզաննա Մամյանը, Լևոն Ազնաուրյանը (հետմահու) և Սուրեն Հակոբյանը (շինարար)՝ Վանաձոր քաղաքում կառուցված բժշկական կենտրոնի համալիրի համար:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Համլետ Ավետիսյանին՝ «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. քվանտէլեկտրադինամիկական վակուումը և մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» աշխատանքի համար:

Հանդիսավոր արարողության ընթացքում հանձնախմբերի նախագահները ներկայացրել են մրցանակների հայցման ներկայացված աշխատանքները, քննարկման արդյունքում հանձնախմբերի կողմից կայացված որոշումները՝ մրցանակների արժանացած աշխատանքներն ու դրանց հեղինակներին, ինչպես նաև իրենց առաջարկությունները հնչեցրել մրցանակակիրների ընտրության գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

2017 թվականի պետական մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի, թատերական արվեստի ոլորտներում, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ` ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ:

Պետական մրցանակները հանձնելուց հետո, նախագահ Սերժ Սարգսյանը իր շնորհավորական խոսքն է հղել մրցանակակիրներին:

«Միշտ շեշտում եմ այն հանգամանքը, որ այս մրցանակները առաջին հերթին պետք են հանրությանը: Այսպիսով մենք փորձում ենք ուղենիշներ և չափանիշներ առաջարկել մեր հասարակությանը, փորձում ենք նրա ուշադրությունը հրավիրել իսկապես արժանի գործերի վրա», - մասնավորապես ասել է նախագահը:

«Այո՛, այս մրցանակները նաև գնահատական են պետության և ժողովրդի կողմից: Այդ գնահատականը, կարծում եմ, կարևոր է ցանկացած մարդու համար, առավել ևս` արվեստագետի և գիտնականի, ովքեր տարիներ շարունակ տքնաջան աշխատանքով հաջողություն են արձանագրում», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Իհարկե, մենք գիտենք, որ առանց արվեստի ու գիտության չկա քաղաքակիրթ ազգ: Գիտենք նաև, որ ունենք հին ու հարուստ գրականություն, արվեստ ու գիտություն: Բայց մեզ համար կենսական կարևոր է այսօրը՝ ներկան՝ այսօրվա հայաստանցին ու նրա գործերը: Նաև շատ կարևոր է Հայաստանում առկա ստեղծագործական մթնոլորտը: Այդ միջավայրն է օգնում կամ խանգարում նոր հաջողված գործերի, ինչու ոչ՝ նոր գլուխգործոցների ի հայտ գալուն: Հետևաբար ջանք ու եռանդ չպետք է խնայենք՝ դրականորեն ազդելու մեր ընդհանուր միջավայրի վրա», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG