Մատչելիության հղումներ

Նոր Նորքի շուկայում սպանության գործով կասկածյալը ձերբակալվել է


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանությունը: Սպանության կասկածանքով ձերբակալվել է 1963թ. ծնված տղամարդը:

Անցած տարվա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից ձախ վերանրակային շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Լ. Ասատրյանի դիակը։ Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանություն») 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

«Արդյունքում՝ պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1963թ.։ Նախնական քննության տվյալներով՝ դեպքից օրեր առաջ տուժողը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 1963թ ծնված, կոշիկի ներդիրների վաճառքով զբաղվող տղամարդու հետ, ով վրեժխնդրությունից դրդված դեկտեմբերի 22-ին գնացել է Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկա և դանակով երկու անգամ հարվածել 60-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Կասկածյալը հունվարի 17-ին ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG