Մատչելիության հղումներ

Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

ՀՀԿ-ում կարծում են, որ սա այն թեկնածուն է, որի շուրջ հնարավոր է հասնել որոշակի լայն համաձայնության Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ, հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Վաղը նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին մեր կողմից առաջադրել Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում», - հինգշաբթի երեկոյան Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ դա այն անձն է, որի մասին շատ է խոսվել:

Նա հայտնեց, որ ՀՀԿ-ը քննարկել է միայն մեկ թեկնածուի հարց՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Այդ թեկնածությունը քննարկել առաջարկել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Որևէ սենսացիոն բան չկա, սա այն թեկնածուն է, որի մասին շատերը հավանական համարել են: Անսպասելի թեկնածու չի լինելու՝ լինելու է թեկնածու, որը բավականին բարձր հեղինակություն ունի, լեզուների լայն իմացություն, միջազգային շատ լայն կապեր», - հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը:

«Հույս ունենք, որ մեր առաջադրած թեկնածուն այն թեկնածուն է, որը կարող է հավակնել ընդդիմության առնվազն մի հատվածի դրական վերաբերմունքին», - ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ում կարծում են, որ այս թեկնածուն լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանը միջազգային ատյաններում, ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ:

«Կարծում ենք, որ նա ունի դրական հեղինակություն թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում: Սա այն թեկնածուն է, որի շուրջ հնարավոր է հասնել որոշակի լայն համաձայնության Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ», - ասաց ՀՀԿ խոսնակը:

Մարտի 2-ին խորհրդարանն առաջին անգամ ընտրելու է Հայաստանի նախագահին: Մամուլում ակտիվորեն շրջանառվում է նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի անունը: Այսօր «Ազատության» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե Սարգսյանը «անխոցելի» և «ընկալելի» թեկնածու է:

Արմեն Սարգսյանը եվրոպական տարբեր երկրներում զբաղեցրել է Հայաստանի դեսպանի պաշտոնը, նաև մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն ծավալել միջազգային մի շարք ընկերություններում՝ British Petroleum-ում, Alcatel-ում և այլն:

Այս շաբաթ մտավորականների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իր պատկերացմամբ՝ Հայաստանի չորրորդ նախագահը պետք է լինի մի անհատ, ով «անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG