Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Միկոյանի վիրավորվելու դեպքի առթիվ։
Ըստ հաղորդագրության, նախնական տվյալներով՝ հունվարի 17-ին ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով աջ ազդրի վերին երրորդականի հատվածում հրազենային-գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։