Մատչելիության հղումներ

Տեսախցիկների տեղադրման դրույթով ոստիկանությանը նոր լիազորություն չի վերապահվել. Քոչարյան


Տեսախցիկների տեղադրման կարգի մասին օրենսդրական դրույթով Ոստիկանությանը նոր լիազորություն չի վերապահվում։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը՝ նշելով, որ Ոստիկանության մասին օրենքում փոփոխությունը սահմանադրական պահանջ է։

«Տեսախցիկներ արդեն տեղադրված են մի քանի տարի, հանրային բոլոր վայրերը գրեթե վերահսկվում են տեսախցիկներով, հատկապես երթևեկության անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության համաձայն՝ դատարանները տեսանկարահանող սարքերով ձեռք բերված նյութերը ճանաչում են ապացույցներ, դրանք դրվում են մեղադրանքի հիմքում, ապացուցման պրոցեսում են դրանք օգտագործվում, և լրացուցիչ գործիք, միջամտող լրացուցիչ լիազորություն ոստիկանությունն այստեղ ձեռք բերելու անհրաժեշտություն չուներ։ Բայց այստեղ խնդիր կար մարդու իրավունքների պաշտպանության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության տիրույթի միջամտություն է, այո՛, իսկ դրա համար անհրաժեշտ են լուրջ սահմանադրական հիմքեր», - ասաց Քոչարյանը՝ նշելով, որ պատգամավորները խոսում են գաղտնի նկարահանումներից, որի մասին նախագծում խոսք չկա։

«Սա օպերատիվ հետախուզական դաշտ չի ապահովում», - ասաց Ոստիկանության շտաբի պետը՝ նշելով, որ նախագիծն Ազգային ժողով է բերվել «վստահության ճգնաժամի փարատման համար»։

«Մեր քաղաքացիները վերջապես իրավունք ունե՞ն իմանալու, թե այդ տեղեկությունները Ոստիկանությունն ինչ նպատակով կարող է օգտագործել։ Եվ ահա՝ Ոստիկանությունը հայտնում է հասարակությանն այն մտադրության մասին, օրենքի մակարդակով, թե ինչ ուղղություններով է այդ տվյալներն օգտագործելու, որքան է պահելու, ով է պատասխանատվություն կրելու և այն։ Այս հարցերի պատասխանը տալը որակվում է որպես մարդու իրավունքների ոտնահարում», - ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Որոշ պատգամավորներ դեմ են օրինագծին՝ պնդելով, որ տեսախցիկների տեղադրման կարգի փոփոխությունով Ոստիկանությունը կարող է միջամտել մարդկանց անձնական կյանքին։

Հովհաննես Քոչարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG