Մատչելիության հղումներ

Կինոյի ոլորտում փոփոխություններն ընթացքի մեջ են


Հայ կինոյի թանգարանի ցուցանմուշներից:
Հայ կինոյի թանգարանի ցուցանմուշներից:

Մշակույթի նախարարությունը դեռ անցյալ տարեսկզբին ազդադարեց կինոյի ոլորտում լուրջ փոփոխությունների սկիզբ դնող գործընթացի մասին:

Ողջ տարվա ընթացքում մշակվեց «Կինոյի մասին» օրենքի հայեցակարգը, փոխվեց Ազգային կինոկենտրոնի, Հայաստանի կինոգործիչների միության ղեկավարությունը: Կինոգործիչների միությունում հիմնադրվեց Հայ կինոյի թանգարանը, միության կազմում ձևավորվեցին կինոգործիչների տարբեր մասնագիտական գիլդիաներ՝ համքարություններ: Հիմնադրվեց նաև Անկախ կինոգործիչների ակումբը և այլն, և այլն:

Հայ կինոյի զարգացման համար այս ամենի ռեալ արդյունավետությունն ակներև կդառնա թերևս ապագա տարիներին: Ավագ սերնդի կինոգործիչների համոզմամբ, իրենք այսօր պիտի առավելագույնը անեն երիտասարդ սերնդի կինոգործիչների համար ստեղծագործական լավագույն պայմաններ ու հնարավորություններ ընձեռելու:

Նշենք, որ Ազգային կինոկենտրոնն արդեն վճռել է կինոյի ոլորտի բյուջետային հատկացումների 30 տոկոսը տրամադրել երիտասարդ կինոգործիչներին:

Երիտասարդ կինոռեժիսոր Հայկ Բաբայանի համոզմամբ, հայ կինոն անպայման պիտի պահպանի իր ուրույն դիմագիծը՝ արծարծելով համամարդկային խնդիրներ, և միայն այդ դեպքում կարող է համաշխարհային ուշադրության արժանանալ, նվաճումներ գրանցել:

«Մենք կինո արտադրող երկիր չենք, մենք կինո ստեղծող ենք: Կինո արտադրող երկրները դա Ամերիկան է, Չինաստանն է, Հնդկաստանն է, մարդիկ, որ նկարում են տարեկան հազար ֆիլմ: Բայց եթե մենք կարողանանք հասցնենք այնպիսի վիճակի, որ Հայաստանում նկարահանված, ասենք, 12 ֆիլմից 5-ը պահպանի մեր ազգայինը, իսկ մնացածը՝ ինտերնացիոնալ աշխարհի համար, ես դա կհամարեմ հաջողություն: Ուզում եմ, որ մենք մեր ազգային դիմագիծը պահպանենք ու կարողանանք դա դարձնել բրենդ, ներկայացնենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը:

Նա ասաց, որ մինչև հիմա իր բոլոր ֆիլմերը սեփական միջոցներով է նկարահանել․ - «[Երիտասարդ ռեժիսորները] Դիմում են հիմա կինոկենտրոնին: Ուղղակի միշտ խնդիրն այն է, որ կա, ասենք, 48 հայտ, բայց դրանցից միշտ ասեն 10-12-ն է ընտրվում, ու մարդիկ հուսախաբվում են, ասում եմ՝ ես այդ 12-ի մեջ չեմ լինում: Ու չեն դիմում, իրենց միջոցներով են անում»:

Երեք կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի հեղինակ Հայկ Բաբայանը վստահ է, որ հայ կինոյի զարգացման համար առաջիկայում լուրջ հնարավորություններ են ստեղծվելու՝ հիմնավորելով․ - «Որովհետև արդեն այնքան են կերել, որ էլ ուտելու բան չկա: Արդեն կշտացողները գնացել են, եկել են նրանք, ովքեր կինոն սիրում են»:

Կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի խոսքով, կինոյի ոլորտում հնարավոր չէ միայնակ հաջողությունների հասնել․ - «Կինոն դա միակ արվեստն է, որի կողքը դնում ենք արտադրություն բառը։ Որովհետև երաժիշտը գրում է իր սիմֆոնիան, նկարիչը նկարում է իր նկարը․․․ իսկ կինոն արտադրություն է»:

«Ազատության» հարցին, թե հնարավոր է լավ ֆիլմեր ստեղծել հատկացված 600 հազար դոլարով, Դովլաթյանն արձագանքեց․ - «Դու կարող ես ֆիլմ ստեղծել իրականում 20 հազարով էլ: Այսօր տեխնոլոգիաներն այնպիսին են, ամեն ինչ այնպեսին է, որ շատ հետաքրքիր բաներ կարող են ստեղծվել ոչ այնքան մեծ գումարներով: Կարևորը ճիշտ ծախսվի այդ գումարը․․․ Մենք շատ լավ երիտասարդություն ունենք: Պարզապես պետք է այդ երիտասարդության մեջքին մի քիչ կանգնել, աննկատ է պետք օգնել, որ նրան չկոտրես»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG