Թուրքիան պատրաստ է Սիրիայում Աֆրինի և Մանբիջի քրդաբնակ շրջաններում ռազմական միջամտությամբ կանխել ամերիկացիների աջակցությունը վայելող քուրդ զինյալներից «բխող վտանգը»: Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր ասել է, թե Անկարան անվստահություն ունի Միացյալ Նահանգների նկատմամբ, քանի որ ԱՄՆ-ը սատարում է Թուրքիայի սահմանին գտնվող սիրիաբնակ քրդերին:
Չավուշօղլուն պնդել է նաև, որ Ռուսաստանը չպետք է առարկի Աֆրինում հնարավոր ռազմական գործողությունների դեմ, ավելացնելով, որ Անկարան Մոսկվայի և Թեհրանի հետ համակարգելու է օդային գործողությունները:
Չավուշօղլուն այդ մեկնաբանություններով հանդես է եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախօրեին ասել է, որ Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է քրդերին ցուցաբերվող ամերիկյան աջակցության հարցը:
«Անադոլու» թուրքական պետական լրատվական գործակալության այսօրվա հաղորդագրության համաձայն, թուրքական անվտանգության ուժերը ստացել են Աֆրինի և Մանբիջի շրջաններում գործողության պատրաստվելու հրաման: Այս պահին թուրքերը լրացուցիչ ուժեր և ծանր տեխնիկա են մոտեցնում սահմանին:
«Անադոլու»-ն նաև հայտնել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ գումարել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում հայտարարել է, որ «Թուրքիան պարտավոր է անհապաղ և վճռական քայլերով պաշտպանվել Սիրիայի արևմտյան շրջաններից բխող վտանգներից»:
Անկարային զայրացրել է քրդերի հետ համագործակցելու և նրանց օգնությամբ մոտ 30-հազարանոց անվտանգության ուժեր ստեղծելու ամերիկացիների մտադրությունը:
Թիլերսոնի փոխանցմամբ, ինքը երեկ Չավուշօղլուին ասել է, որ «որոշ մարդիկ աղավաղում են իրավիճակը»: Նա նշել է, թե Ամերիկան ցանկանում է ոչ թե սահմանապահ զորախումբ ստեղծել, այլ օգնել Սիրիայում տեղական ուժերի կայացմանը:
Սակայն Չավուշօղլուն այսօր հայտարարել է, թե բավարարված չէ Թիլերսոնի պարզաբանումներով, և Թուրքիան շարունակում է անվստահություն տածել Միացյալ Նահանգների հանդեպ:
Նա ասել է, թե Անկարան ցանկանում է ԱՄՆ-ի կողմից տեսնել «ահաբեկչական խմբերի հետ համագործակցությունը հստակ դադարեցնելու մասին վկայող կոնկրետ քայլեր»: