Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում: Հունվարի 20-ի ցերեկը, հունվարի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի, Արարատի, Շիրակի, Վայոց ձորի մարզերում, Արմավիրի մարզի Արմավիր, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Թալին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում, Մեղրու լեռնանցքում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: