Մատչելիության հղումներ

«Ելք»-ը պատրաստվում է «երկարատև պայքարի»


«Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Ազատության» ստուդիայում:
«Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Ազատության» ստուդիայում:

Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը առայժմ ձեռնպահ է մնում մասնակցել թանկացումների դեմ փողոցային պայքարին, քանի որ, նրա կարծիքով, իրավական միջոցները դեռևս սպառված չեն:

Առաջիկա ուրբաթ օրը ընդդիմադիր «Ելք» դաշինքը թանկացումների և հարկային բեռի ավելացման դեմ երթ կանցկացնի, իսկ հաջորդ երեքշաբթի իշխող մեծամասնության նախաձեռնությամբ կկազմակերպվեն լսումներ՝ նաև գնաճը մեղմելու հնարավորությունները քննարկելու նպատակով։

«Մենք պետք է աղմո՞ւկ բարձրացնենք, թե՞ հարցը կարգավորենք», - երեկ հայտարարել էր մեծ ընդմիջումից հետո խորհրդարան եկած Գագիկ Ծառուկյանը՝ կարևորելով խորհրդարանական քննարկումները:

Գևորգ Պետրոսյանն այսօր ասաց․ - «Փողոցային պայքարը դա ծայրահեղ միջոց է, և մենք պետք է իմաստուն գտնվենք ծայրահեղ միջոցներից առաջ կարողանանք հայտնաբերել և գործի դնել մյուս միջոցները: Եվ եթե այդ միջոցները բոլորը ապիկար կգտնվեն, և եթե իսկապես մի ստվար զանգված կհայտնվի փողոցում, բնականաբար, այդ զանգվածը չի կարող դուրս մնալ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի և մեր պատգամավորների ուշադրությունից»:

Չնայած իշխող կոալիցիան օրերս թույլ չտվեց, որ եկամտահարկի իջեցմանը վերաբերող «Ծառուկյան» խմբակցության նախագիծը անգամ լիագումար նիստի օրակարգ ընդգրկվի, բայց, ինչպես ասաց Պետրոսյանը, խորհրդարանական լումների ժամանակ այդ հարցը կրկին կբարձրացնեն․ - «Տրամաբանական է, որ պնդենք երկրում նվազագույն աշխատավարձի սանդղակը բարձրացման իմաստով վերանայելու մեր մտադրությունը, նվազագույն կենսաթոշակը, բազային կենսաթոշակը և դրան համապատասխան նաև միջին կենսաթոշակը բարձրացնելու ուղղությամբ մեր առաջարկությունները: Մենք կպնդենք եկամտային հարկը նվազեցնելու մեր առաջարկությունը»:

Թե՛ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, թե՛ իշխող Հանրապետականի ներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարծում են, որ թանկացումների դեմ հանրային ընդվզումը լայնամասշտաբ չի լինի։

Մելիքյանն այսօր ողջունեց «Ելք»-ի նախաձեռնությանը չմիանալու՝ «Ծառուկյան» խմբակցության որոշումը: Նա ասաց, որ քննարկումների ժամանակ կլսեն տարբեր խմբակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկները, կանեն իրենցը ու կփորձեն գտնել լուծումներ։

Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, թե «մոտ ժամանակներս եկամտահարկի մասին իրենք էլ կունենան փաթեթ, բովանդակային քննարկում կկազմակերպեն և գլոբալ փոփոխությունների կգնան»:

Գագիկ Մելիքյան
Գագիկ Մելիքյան

Մելիքյանն ասաց, որ խոսքը եկամտահարկի նվազեցման մասին է, սակայն հավելեց, որ հարցը դեռ քննարկումների փուլում է, օրենսդրական նախաձեռնության տեսք չունի:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ կարող են փոփոխություններ լինել Հարկային օրենսգրքում, Մելիքյանն արձագանքեց․ - «Ամեն ինչ հնարավոր է: Առաջարկություններ կլինեն, քննարկումների արդյունքում մենք տեսնենք ինչպիսի որոշում ճիշտ կլինի իրականացնել»:

Գնաճի դեմ, ՀՀԿ խմբակցության քարտուղարի համոզմամբ, միայն առաջարկություններով կարելի է պայքարել․ - «Երթերով, ցույցերով, միտինգներով, հավաքներով գնաճի դեմ երբևէ որևէ մեկը չի պայքարել և չի էլ կարող պայքարել: Դա արդյունքներ երբեք չի տվել»:

«Ելք»-ից Գևորգ Գորգիսյանը հակադարձեց Մելիքյանին՝ սոցիալական շարժումներն արդյունք տվել են, և իշխանությունը զիջումների է գնացել հենց հասարակական ճնշման ներքո։

Ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանական լսումները մարդկանց աչքին թոզ փչելու ձև որակեց․ - «Օրինակ, կուտակային կենսաթոշակային համակարգը, հարյուր դրամը, «Էլեկտրիկ Երևանը», նույնիսկ Մաշտոցի պուրակը, երբ քանդում էին և «Տարոն, սիրուն չի» հայտնի օպերացիան․ այդ ամենը եղավ մի բանի շնորհիվ՝ հասարակական ընդվզման»:

Գևորգ Գորգիսյան
Գևորգ Գորգիսյան

Գորգիսյանն ասաց, որ պատրաստվում են երկարատև պայքարի: Եթե նույնիսկ ուրբաթօրյա երթը բազմամարդ չլինի, հաջորդ ակցիաներին, իրենց կարծիքով, մարդկանց թիվը ավելի ու ավելի կաճի։

Նա մանրամասնեց տեսակետը՝ երբ բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ խոսում էին թանկացումներից, դրանք «հեռու էին թվում»։ Հիմա մարդիկ իրենց գրպանի վրա կոնկրետ զգում են թանկացումները, իսկ հաջորդ ամսվա սկզբին, երբ ավելացված եկամտահարկի պատճառով շատերը ավելի նվազ աշխատավարձ ստանան, պատգամավորի կարծիքով, ոտքի կելնեն․ - «Եվ այս ամենը կարող է բերել շատ լուրջ սոցիալական ընդվզման»:

Գորգիսյանի խոսքով, վերջնական որոշում չունեն՝ կմասնակցե՞ն թանկացումների հարցով Հանրապետականի նախաձեռնած լսումներին, թե՞ ոչ:

Նա պնդեց, որ լսումները չեն կարող հարցերի պատասխանը տալ․ - «Սկսած այդ խորհրդակցությունից Սերժ Սարգսյանի մոտ․ դե, մենք էլ ենք մտահոգ քաղաքացիների խնդիրներով, կնստենք, կմտածենք, կհետազոտենք․․․ ու սենց մինչև «էշ, մի սատկի, գարուն կգա» իրավիճակը: Եթե որևէ խնդիր չես ուզում լուծել, սկսում ես այն ձգձգել, ձգձգել, ձգձգել, մինչև բոլորը կհոգնեն, բոլորը կմոռանան, մի մասը կհամակերպվի, մի մասը կարտագաղթի, մի մասը կմեռնի, և խնդիրը կհամարվի լուծած․․․ Իրենք ընտրել են այս տարբերակը, որը մենք, բնականաբար, անընդունելի ենք համարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG