Մատչելիության հղումներ

ՊՆ զորամասում կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ. դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ պաշտպանության նախարարության զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և պաշտպանության նախարարության սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության, դեպքերի առթիվ 2017 թվականի մայիսի 31-ին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ ամուսիններ Լ.Մ-ն և Ա.Մ.-ն ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող իրենց որդուն՝ Ա.Մ.-ին, գումարտակի փոքր ստորաբաժանում տեղափոխելու և ծառայության նշանակելու համար պաշտպանության նախարարության սպա Վ.Յ.-ի միջոցով 336.392 դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար կաշառք են տվել գումարտակի հրամանատար Գ.Խ.-ին, որի արդյունքում իրենց որդին ծառայության է տեղափոխվել իրենց նախընտրած ստորաբաժանում:

«Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Յ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով և կաշառք ստանալու պատրվակով խարդախություն ու պաշտոնատար անձին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդչություն կատարելու, իսկ Գ.Խ.-ին՝ իր պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է», - հայտնում է դատախազությունը՝ շարունակելով. - «Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից քննությանը խոչընդոտելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու վերաբերյալ»:

Ուստի գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նշում է դատախազությունը, քրեական գործը Գլխավոր դատախազի կողմից օրենքով սահմանված կարգով վերցվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննիչի վարույթից և հանձնվել Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG