Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» դաշինքը դեռ չի քննարկել «Ելք»-ի առաջարկը


«Ելք» խմբակցության առաջադրած նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանը:

«Ծառուկյան» դաշինքը դեռ չի քննարկել «Ելք»-ի առաջարկը որպես նախագահի թեկնածու Արտակ Զենյալյանի առաջադրումը սատարելու վերաբերյալ:

Որպեսզի Զենյալյանը նախագահի թեկնածու առաջադրվի, անհրաժեշտ է խորհրդարանի առնվազն մեկ քառորդի՝ 27 պատգամավորի ստորագրություն: 9 հոգանոց խմբակցություն ունեցող «Ելք»-ը գրավոր դիմել է 31 մանդատ ունեցող «Ծառուկյան» խմբակցությանը՝ առաջարկելով Զեյնալյանի թեկնածության առաջադրման հարցով խորհրդակցություններ անցկացնել:

Այսօր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ խորհրդակցություններ դեռ չեն կայացել, իրենք նախագահի թեկնածուի հարցով դեռ որոշում չունեն, սակայն որևէ տարբերակ չեն բացառում․ - «Հիմա «Ելք»-ը ակնկալում է, ոչ մեկին չես կարող զրկել ակնկալիքներից: Այլ է խնդիրը, թե էդ ակնկալիքները որքանով են իրականանալի մեր մասով: Եվ ցանկացած հարցում, այդ թվում նաև այս հարցում բանակցությունը ենթադրում է երկու կողմի հավասար մասնակցություն: Իսկ իրենք պարզե՞լ են մենք ունենք թեկնածու թե ոչ: Մենք պարտավորվա՞ծ ենք, լինի «Ելք»-ը, լինի որևէ մեկը․․․ Որևէ առաջարկի պարտավորված չենք․․․ Այս պահին մենք թեկնածու չունենք: «Ծառուկյան» դաշինքի օրակարգում նման հարց չկա․․․ Եթե մենք ունենանք թեկնածու, բնականաբար, հանրությունը տեղյակ կլինի այդ մասին: Հնարավոր է չունենանք, բայց դա չի նշանակում, որ եթե մենք թեկնածու չունենք, ինքնին պարտավոր ենք պաշտպանել «Ելք» դաշինքի թեկնածուին»:

Հարցին, թե հնարավոր է, որ սատարեն Հանրապետականի թեկնածուին, Պետրոսյանն արձագանքեց․ - «Այս պահին ոչինչ չեմ կարող բացառել: Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Այս պահին «Ծառուկյան» դաշինքը որևէ մեկին չի սատարում, նման հարց օրակարգում չունի»:

«Ելք» խմբակցությունից Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք, Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջարկելով, ցանկացնում են ցույց տալ, որ ունեն բավարար ներուժ նաև իշխանությունը ստանձնելու համար, իսկ դիմելով «Ծառուկյան» դաշինքին՝ չեն փորձում նրանց ընդդիմադիր լինել-չլինելը ստուգել․ - «Մենք ուզում ենք ցույց տալ, որ մենք արժանի ուժ ենք իշխանությանը փոխարինելու: Իսկ ով․․․ արդյոք ընդդիմադիր է, թե ընդդիմադիր չէ, պիտի ինքը ապացուցի: Մենք մեր հայտը ներկայացնում ենք Հայաստանի հանրությանը, ոչ թե առանձին կուսակցությանը: Առանձին կուսակցությանն ասում ենք՝ մենք թեկնածու ունենք, առաջարդել ենք, խնդրում ենք նայեք մեր թեկնածուին ինչքանով է հնարավոր, որ դուք էլ աջակցեք: Մնացածը խմբակցության խնդիրն է: Էստեղ փորձել հակադրություն գտնել, բանավեճի տանել մեզ ու «Ծառուկյան» դաշինքին, գտնում եմ ոչ ճիշտ, ոչ նպատակահարմար, ոչ գործին ի օգուտ: Ավելի լավ է մեզ ու գործող կոալիցիային հակադրության տանել, «Ծառուկյան» դաշինքին ու գործող կոալիցիային հակադրության տանել: Եթե էս երկրում փոփոխություն եք ուզում»:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ասաց, որ Հանրապետական կուսակցությունը դեռ նախագահի թեկնածուի հարցով որոշում չի ընդունել:

Ի պատասխան հարցին, թե արդյոք 2018-ի ապրիլից հետո նա կշարունակի նախագահել Ազգային ժողովում, Բաբլոյանն ասաց․ - «Այս պահին մենք նման հարց չենք քննարկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG