Մատչելիության հղումներ

Մամեդյարովը պաշտոնական այցով վաղը կմեկնի Ֆրանսիա


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վաղը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա։

Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն, Մամեդյարովը Փարիզում մի շարք հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լե Դրիանի հետ։

Ադրբեջանական արտաքին դիվանագիտական գերատեսչությունը, սակայն, Մամեդյարովի այցից այլ մանրամասներ չի հաղորդում։

Ենթադրվում է, որ նրա այցի առիթն Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակն է։

Հիշեցնենք՝ 1991 թվականին հոկտեմբերին Ադրբեջանն անկախություն հռչակեց և ամիսներ անց՝ 1992 թվականի հունվարին Ֆրանսիան՝ ճանաչելով Ադրբեջանի անկախությունը, դիվանագիտական կապեր հաստատեց այդ երկրի հետ, և արդեն մարտ ամսին Ֆրանսիայի դեսպանը դարձավ երկրորդը՝ Թուրքիայի դեսպանից հետո, ով իր պաշտոնական գործունեությունը սկսեց Ադրբեջանում։

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներից զատ Ադրբեջանի արտգործնախարարը Փարիզում հանդիպումներ է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ։

Հիշեցնենք՝ այդ կառույցի և Ադրբեջանի իշխանությունների միջև կասկածելի կապերի մասին բոլորովին վերջերս գրել էր համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող նախագիծը, որի համաձայն, 2012-2014 թվականներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա մերձավոր շրջապատը շուրջ երեք միլիարդ դոլար են օրինականացրել, որն ուղղվել է եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին կաշառելու նպատակով:

Ըստ սկանդալային այդ հրապարակման, Ադրբեջանում գործող մասնավոր ընկերություններից մեկից շուրջ 400 հազար եվրո էր ստացել նաև բուլղարացի տնտեսագետ Կալին Միտևը, որի կինը ՅՈւՆԵՍԿՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան է, ով այդ կառույցի բարձրագույն պարգևը` «Մոցարտի շքանշան» էր հանձնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG