Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատազրկման դատավճիռը լրջագույն հարցեր է առաջացնում Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում՝ ազատ խոսքի և իրավական գործընթացների հետ կապված: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին դիվանագիտական գերատեսչությունը:
Բրյուսելից հնչող այս հայտարարությունը հաջորդում է հունվարի 12-ին ադրբեջանական դատարանի կողմից Աֆղան Մուխթարլիին 6 տարվա ազատազրկման դատապարտելու վճռին՝ սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգ ճանապարհով դրամական միջոցներ փոխադրելու մեղադրանքներով:
Արևմտյան երկրներն ու իրավապաշտպան կազմակերպությունները խստորեն դատապարտել են Ալիևի վարչակազմի որդեգրած՝ իշխանություններին քննադատող կամ կառավարության գործունեության օրինականությունը կասկածի տակ դնող անձանց պատժելու քաղաքականությունը: «Վրաստանում Մուխթարլիի ենթադրյալ առևանգումը և Ադրբեջանում նրա կալանքն ու դատական հետապնդումը պետք է մանրակրկիտ և թափանցիկ հետաքննվեն»,- ասվում է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ:
Մուխթարլին կնոջ՝ Լեյլա Մուստաֆաևայի հետ հարևան Վրաստան էր տեղափոխվել 2015-ին, հայրենիքում լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ համատարած ճնշումների պայմաններում, մտավախություն ունենալով, որ ինքը ևս կարող է ճաղերի ետևում հայտնվել՝ Ալիևների կոռուպցիոն գործունեության բացահայտումների մասին հրապարակումների պատճառով: Անցյալ տարվա մայիսին Մուխթարլին Վրաստանի մայրաքաղաքում անհետացել էր, քիչ ավելի ուշ պարզվել էր, որ նա Բաքվի բանտերից մեկում է՝ մաքսանենգության և սահմանն ապօրինի խախտելու կասկածանքով:
Մուխթարլիի փաստաբանները պնդում են, որ լրագրողին Վրաստանում առևանգել են և ապօրինի կերպով տեղափոխել Ադրբեջան: Ինքը՝ լրագրողը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, համոզմունք հայտնելով, որ բանտում է հայտնվել լրագրողական գործունեության պատճառով: Անցյալ շաբաթ դատարանում իր եզրափակիչ խոսքում նա հայտարարել է, թե շարունակելու է իր գործը: «Նախագահ Ալիևի կառավարությունը չի կարող լռեցնել մեզ»,- հայտարարել է նա, ու հավելել․ «Դուք կարող եք մեզ ձերբակալել, սպանել, բայց կգան ուրիշները և կշարունակեն պայքարը»:
Լրագրողին ազատ արձակելու՝ միջազգային իրավապաշտպան կառույցների ու արևմտյան երկրների՝ մայիսից ի վեր հնչեցրած կոչերն արդյունք չեն տվել: Մուխթարլիի դեմ հարուցված քրգործը կարճելու կոչով են հանդես եկել նաև Եվրախորհրդարանի պատգամավորները, սակայն Ադրբեջանի իշխանությունները անտեսել են նաև այդ հորդորը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթն անցյալ շաբաթ հայտարարել է, թե պաշտոնական Վաշինգտոնը մտահոգված է Մուխթարլիի դատավճռով, ընդգծելով, որ այդ գործը քաղաքական դրդադապատճառներ ունի: Հիթեր Նաուերթը հավելել է՝ Միացյալ Նահանանգներն ուշի ուշով հետևում է, թե ինչպես է Վրաստանը հետաքննում Մուխթարլիի առևանգման գործը: