Մատչելիության հղումներ

«Lավ է, որ Իրանի նման մեծ և բարեկամ երկիրը կայուն լինի». Մարդո Սողոմ


Կասկած չկա, որ Հայաստանի համար ապակայուն հարևանը վատ բան է, և լավ է, որ Իրանի նման մեծ և բարեկամ երկիրը կայուն լինի։ Այդ մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային տնօրեն Մարդո Սողոմը՝ անդրադառնալով հարևանում Իրանում տեղի ունեցող զարգացումներին։

«Բայց հարցը ճիշտ դրանում է, որ արդյո՞ք հիմա կայուն է։ Բանն այն է, որ կայուն չէ, և ամեն 8-10 տարին մեկ անգամ կրկնվում են այս նույն դեպքերը, և մի օր կարող է շատ վատ վերջանալ, ինչպես եղավ Սիրիայում։ Սիրիայում հաղթական կողմը չկար առաջին մի քանի ամիսը, ժողովուրդը խաղաղ ցույցեր էր անում, բայց իր խաղաղ ցույցերով ինչ-որ ռազմական դիկտատուրային չէր կարող հաղթել։ մինչև որ դիկտատուրան որոշեց կրակ բանալ ժողովրդի վրա։ Ժողովուրդը զինվեց և վերածվեց քաղաքացիական պատերազմի։ Դա ամենավատ տարբերակն է, եթե պատահի Իրանում։ Ուրեմն, ինչքան շուտ լուծում գտնվի, կամ իշխանությունները նահանջեն, և հիմնավոր բարեփոխումներ իրականացնեն՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, և կամ ամենաարագ, խաղաղ և քիչ արյունաթաթախ հեղափոխությամբ հարցը վերջանա», - ասաց Սողոմը։

Հիշեցնենք, Իրանի տասնյակ քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Թեհրանում անկարգությունները սկսվել են դեկտեմբերի 28-ից, սկզբնական սոցիալական պահանջներին հաջորդեցին ցուցարարների քաղաքական կարգախոսները՝ հակակառավարական, ինչպես նաև կրոնական իշխանության դեմ կարգախոսներ:

Դեկտեմբերի 31-ից Իրանի իշխանությունները արգելափակեցին երկրում գործող սակավաթիվ սոցցանցերը, մասնավորապես՝ Instagram և Telegram կայքերը: Երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ քաղաքացիներն ազատ արտահայտվելու իրավունք ունեն, բայց իշխանությունները հանդուրժող չեն լինի բռնությունների ու հանրային ունեցվածքը փչացնող գործողությունների հանդեպ:

Հունվարի 6-ին Իրանը հայտարարեց հակակառավարական ցույցերը «հաղթահարելու» մասին։

Նշենք, որ մեկ շաբաթից ավելի շարունակված անկարգությունների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, ավելի քան 1000 մարդ ձերբակալվել է:

«Կիրակնօրյա վերլուծականն» ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG