Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի, գործարար Արթուր Սուքիասյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
«Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում», ֊ ասված է դեսպանության հաղորդագրությունում։ ֊ «Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածը ևս երկու օր պետք է գտնվի նրանց հսկողության տակ և այնուհետև դուրս գրվի։ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսն արդեն տեսակցել է տուժած ՀՀ քաղաքացուն»։
Վրաստանի արևմուտքում գտնվող Օզուրգեթի քաղաքում շաբաթ առավոտյան անհայտ անձինք հարձակվել են հայաստանցի գործարարի վրա ու մեծ գումար հափշտակել, այս մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Հարձակումը կատարվել է նրա տան մուտքի մոտ: Դիմակավորված երկու մարդիկ բութ գործիքով հարվածել են Հայաստանի քաղաքացի 31-ամյա Արթուր Սուքիասյանի գլխին ու հափշտակել նրա մոտ գտնող 30 հազար լարի գումարը, ինչը մոտավորպես 11 հազար դոլար է կազմում:
Արթուր Սուքիասյանը Վրաստանում մի քանի խանութների սեփականատեր է: Հարձակման օրը նա պատրաստվում էր Թբիլիսիի մեծածախ շուկա մեկնել իր խանութների համար ապրանքներ գնելու համար: