Մատչելիության հղումներ

Երթ դեպի նախագահական՝ Բիլյանի և Բարսեղյանի պահանջը կատարելու կոչով


«SOS Արմեն Բիլյան և Սմբատ Բարսեղյան» նախաձեռնության երթը, Երևան, 13-ը հունվարի, 2018թ․

«SOS Արմեն Բիլյան և Սմբատ Բարսեղյան» նախաձեռնությունն այսօր Երևանում երթ իրականացրեց դեպի Բաղրամյան 26՝ կոչ անելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կատարել «Սասնա ծռեր» զինված խմբի երկու ներկայացուցիչների պահանջը, որն է՝ իրենց «Նուբարաշեն»-ից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը։

«Սասնա ծռեր» խմբավորման հացադուլ հայտարարած երկու անդամներին խոշտանգում են, նրանք պահանջում են իրենց տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, սակայն այս պահանջը ևս իշխանությունները անտեսել են: Միացե՛ք, միացե՛ք», - ակցիայի ժամանակ հայտարարում էին կազմակերպիչները:

Հացադուլի 25-րդ օրը «Սասնա ծռեր»-ի գործով մեղադրվող Արմեն Բիլյանը երեկ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց՝ այնտեղ դադարեցնելով հացադուլը, իսկ Սմբատ Բարսեղյանը 24-րդ օրը շարունակում է հացադուլը «Նուբարաշեն» կալանավայրում։
Առավել խիստ հոդվածներով մեղադրվող «Սասնա ծռերի» այս երկու անդամների պահանջը, ըստ այսօրվա երթի կազմակերպիչների, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ղեկավարները չեն կարող կատարել առանց նախագահ Սերժ Սարգսյանի թույլտվության։

«Ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրենց պահանջը չէ իրենց ազատ արձակել կամ լավ պայմաններում պահել: Ընդամենը՝ բանտը տեղափոխել, քանի որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը իրենից նույնպես չի ներկայացնում ինչ-որ առանձնահատուկ լավ միջավայր․ դա ընդամենը բանտ է, այնտեղ ընդամենը ազատազրկված են մարդիկ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց նախաձեռնության անդամ Դավիթ Եղիազարյանը:

Մինչև երթը «SOS Արմեն Բիլյան և Սմբատ Բարսեղյան» նախաձեռնության անդամները նախ Մաշտոցի պուրակում ստորագրահավաք անցկացրեցին, որին ներկա Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ երկու ամբաստանյալներին մեկ կալանավայրից մյուսը տեղափոխելու համար ևս քաղաքական որոշում է հարկավոր, ինչի համար էլ երթի վերջնակետը նախագահական նստավայրն էր։

«Բիլյանի և Բարսեղյանի պահանջը այնպիսի տարրական մի պահանջ է, որ նույնիսկ, ես վստահ եմ, ոչ թե քրեակատարողական հիմնարկների վարչության պետը, այլ այդ վարչության ավելի ստորադաս ինչ-որ պատասխանատուի որոշելու բանն է: Եթե մինչև հիմա չի կատարվել, դա լրացուցիչ անգամ ապացուցում է, որ այստեղ խնդիրը քաղաքական է», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ենիգոմշյանը:

Արդեն նախագահական նստավայրի մերձակայքում երթի մի քանի տասնյակ մասնակիցներին դիմավորեցին ոստիկանները՝ ցուցարարներին հնարավորություն տալով մոտենալ միայն քաղաքացիների և դիմումների ընդունման առանձին շինությանը։

«Պահանջում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի կյանքին սպառնացող ռիսկերը, որի երաշխիքը կարող է հանդիսանալ նրանց օրինական պահանջը կատարելը», - հայտարարեցին երթի մասնակիցները:

Մի քանի տասնյակ քաղաքացիների կից ստորագրություններով նախագահ Սարգսյանին ուղղված նամակը փոստարկղը գցելուց հետո նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը «Սասնա ծռեր»-ի երկու անդամների կյանքին սպառնացող վտանգները վերացնելու համար։

Այսօրվա երթին ներկա իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ հացադուլ սկսած «Սասնա ծռեր»-ի այս երկու անդամները իշխանության կողմից Նուբարաշենի բանտի քրեական տարրերի միջոցով ճնշումների են ենթարկվում, ինչի պատճառով էլ ցանկանում են տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

«Գալիս է մի պահ, երբ ադմինիստրացիայի միջոցով իշխանությունը սկսում է նաև, օգտագործելով քրեական էլեմենտները, սկսում են ճնշումներ գործադրել: Դրանց մասին բարձրաձայնելը նշանակում է ինքնասպանություն, սեփական մահապատիժը ստորագրել, որովհետև էդ փակ պայմաններում մենք կարող ենք էդպես էլ չիմանանք, թե ինչ տեղի ունեցավ իրենց հետ իրականում», «Ազատությանը» ասաց Կարապետյանցը՝ շեշտելով․ - «Այո, մենք ունենք լուրջ մտավախություն, որ նրանց կյանքին իրականում վտանգ է սպառնում»:

«Սասնա ծռեր» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավեց Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական ներկայացնել, ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և զիջումներ չանել Ղարաբաղի հարցում։ 31-հոգանոց զինված խումբը 15 օր շարունակ գրաված պահեց ՊՊԾ գնդի տարածքը։ Այդ ընթացքում երեք ոստիկան մահացավ։ Ոստիկաններ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում են Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG