Ռուսաստանում նախընտրական քարոզարաշավը թևակոխել է ակտիվ փուլ: Թերևս, առավել հագեցած քարոզարշավ է իրականացնում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը․ նա տարբեր հանդիպումներ է ունենում բանվորների, դպրոցականների, մամուլի ներկայացուցիչների հետ։ Դաշնային հեուստաընկերությունների լրատվական ծրագրերում այդ հանդիպումները լուսաբանող ռեպորտաժները զգալի տեղ են զբաղեցնում:
Երեկ երեկոյան Պուտինը դպրոցականների հետ հանդիպումից հետո հանդիպում է ունեցել նաև ռուսաստանյան մամուլի մի շարք ներկայացուցիչների հետ ու մի շարք ուշագրավ հայտարարություններ արել։ Նա, մասնավորապես, պնդել է, թե հակակոռուպցիոն պայքար իրականացնող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2018-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար ԱՄՆ-ի կողմից աջակցություն է ստացել:
Ինչպես միշտ, Պուտինն այս անգամ ևս Նավալնիի անունը չի հնչեցրել, նշելով․ «Բացի այդ անձնավորությունից, ում մասին դուք խոսում եք, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այլ մարդկանց նույնպես չի գրանցել, բայց Միացյալ Նահանգները միայն նրա [Նավալնու] համար են մտահոգություն հայտնել, հավանաբար այն պատճառով, որ հենց նրան են ուզում տեսնել Ռուսաստանում որպես իշխանություն: Ավելի լավ է նրանք նման հայտարարություն չանեին, իրենց մատնեցին»,- երեկ հայտարարել է Պուտինը։
Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, հիշեցնենք, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց որպես նախագահի թեկնածու, պատճառաբանելով, թե վերջինս դատվածություն ունի: Նավալնին բողոքարկել է այդ որոշումը ՌԴ Գերագույն դատարանում, սակայն, այդ ատյանում ևս արդյունքի չի հասել: Ընդդիմադիր գործիչն այժմ մտադիր է այդ հարցի առնչությամբ դիմել երկրի Սահմանադրական դատարան: Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելն իրենց մտահոգությունն են հայտնել Նավալնիին որպես թեկնածու չգրանցելու կապակցությամբ՝ քննադատելով ՌԴ ԿԸՀ-ի այդ որոշումը:
Նախօրեին Պուտինն անդրադարձել է նաև Սիրիայում ռուսական ռազմաբազաների վրա վերջերս կատարված հարձակումներին, համոզմունք հայտնելով, թե Թուրքիան դրանց հետ կապ չունի: ՌԴ նախագահը խոսել է նաև Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի մասին, մասնավորապես, նշելով, թե վերջինս գրագետ ու հասուն քաղաքական գործիչ է ու հյուսիսկորեական միջուկային ծրագրի շուրջ հակամարտությունից հաղթող է դուրս եկել։ «Նա լուծել է իր ռազմավարական խնդիրը, ունի միջուկային զենք, 13 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռ, որը կարող է խոցել ցանցկած կետ իր հնարավոր հակառակորդի տարածքում»,- ասել է Պուտինը։
Անդրադառնալով առաջիկա փետրվարից ուժի մեջ մտնող ամերիկյան նոր պատժամիջոցներին, Ռուսաստանի ղեկավարն ասել է՝ կտեսնեն, թե ինչ պատժամիջոցներ են դրանք ու կորոշեն՝ ինչպիսի պատասխան տալ: «Իհարկե այդ պատժամիջոցներն անօրինական են և վատացրել են ռուս-ամերիկյան հարաբերությունները»- հավելել է նա:
Այսօր «Դոժդ» հեռուստընկերությունը հրապարակել է Սանկտ Պետերբուրգի Ճարտարագիտական համալսարանի ոսանողուհի Օկսաննա Բորիսովայի բողոքը․ վերջինս պնդում է, որ իրենց համալսարանի առաջին կուրսեցիներին հարկադրում են ստորագրություններ տալ Պուտինի առաջադրման համար, հակառակ դեպքում սպառնալվ «քննությունների ժամանակ խնդիրներով»։ Համալսարանի ղեկավարությունը հերքել է այդ պնդումը: