Մատչելիության հղումներ

Պուտին. «Համոզված եմ, որ ռուսական ռազմակայանների դեմ վերջին հարձակումների հետ Թուրքիան որևէ կապ չունի»


Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Էրդողանի հետ, Անկարա, 11-ը դեկտեմբերի, 2017 թ․
Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Էրդողանի հետ, Անկարա, 11-ը դեկտեմբերի, 2017 թ․

Ռուսաստանի նախագահը համոզված է` Թուրքիան որևէ առնչություն չունի Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հմեյմիմ և Տարտուս ռազմակայանների դեմ իրականացված վերջին հարձակումների հետ: Հիշեցնենք՝ վերջին երկու շաբաթներին Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանները ենթարկվեցին աննախադեպ, միանգամայն նոր կարգի գրոհների՝ իրականացված անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ուշագրավ է հանգամանքը, որ այդ հարձակումների ընթացքում կիրառված տեխնիկան օդ էր բարձրացել Իդլիբի շրջանից, որը վերահսկում են Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող ընդդիմադիր խմբավորումները:

«Ես համոզված եմ, որ ոչ թուրք զինվորականները, ոչ թուրքական ղեկավարությունը, ոչ էլ թուրքական պետությունը այդ միջադեպերի հետ որևէ կապ չունեն: Չնայած ճիշտ է [այն դիտարկումը], որ Իդլիբ նահանգի այդ հատվածը պետք է Թուրքիան վերահսկի: Բայց պետք է անկեղծորեն խոստովանել, որ մենք էլ միշտ չէ, որ կարողանում ենք վերահսկել այն, ինչ պետք է վերահսկենք»,- նշել է Պուտինը:

Երեկ ռուսական ռազմակայանների դեմ իրականացված հարձակումների թեման Վլադիմիր Պուտինը քննարկել է նաև իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է․ «Իդլիբում և Արևելյան Գուտայում Սիրիայի կառավարական բանակի վերջին հարձակումները զսպելը առանցքային նշանակություն ունի Աստանայի խաղաղ գործընթացի և հունվարի վերջին Սոչիում կայանալիք համաժողովի հաջողությունն ապահովելու տեսանկյունից»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Բաշար Ասադին հավատարիմ ուժերը, ռուսական օդուժի օժանդակությամբ, լայնածավալ հարձակման են անցել վերը նշված երկու շրջաններում, որոնք, ի դեպ, ևս վերահսկվում են Անկարայի հովանավորությունը վայելող մի շարք ընդդիմադիր խմբավորումների կողմից:

Բայց եթե անգամ առկա խնդիրների և որոշակի տարաձայնությունների ֆոնին Անկարան, այդուհանդերձ, շարունակում է երկխոսությունը Մոսկվայի հետ, ապա Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունները շարունակում են վատթարանալ: Երեկ Էրդողանը քննադատության հերթական չափաբաժինն ուղղեց Վաշինգտոնին: Դիմելով Թուրքիայի տարբեր հատվածներից նախագահական պալատ ժամանած թաղապետերին ու գյուղապետերին, Էրդողանը հայտարարեց՝ Անկարայի և Վաշինգտոնի ռազմավարական գործընկերության ժամանակաշրջանն անցյալում է:

«Ռազմավարական գործընկերություն գոյություն չունի: Մի կողմից [ամերիկացիները] ասում են, թե մենք ռազմավարական գործընկերներ ենք, բայց մյուս կողմից զինում են Հյուսիսային Սիրայում գործող [քրդական] Ժողովրդական պաշտպանության ուժերին և «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը: Նրանք այդ ուժերին 4000 բեռնատար մեքենա են փոխանցել: Բայց չէ՞ որ դրանք ահաբեկչական կազմակերպություններ են` Քրդական Բանվորական կուսակցության մասնաճյուղերը: Երբ մենք խոսում ենք այդ մասին, դուք մեզ չեք լսում, սակայն այդ ուժերի ղեկավարների ասածները չեք անտեսում: Արդյո՞ք հնարավոր է նման ռազմավարական գործընկերություն»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը երեկվա իր ելությում չէր կարող շրջանցել նաև Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամիստ գործիչ, 2016-ի հուլիսյան հեղաշրջման կազմակերպման մեջ կասկածվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման թեման: Էրդողանի պնդմամբ՝ այս հարցում ևս Միացյալ Նահանգները Անկարային ընդառաջելու որևէ ցանկություն չունեն:

«Վերջին 15 տարիներին մենք Միացյալ Նահանգներին թվով 12 ահաբեկիչների ենք արտահանձնել: Ինչո՞ւ ենք այդ քայլին դիմել: Որովհետև այդ մարդիկ ահաբեկիչներ էին: Մենք, սակայն, ընդամենը մեկ մարդու ենք խնդրում արտահանձնել, բայց փոխարենը մտացածին առարկություններ ենք լսում: Եթե դուք չեք հանձնում Գյուլենին, ապա կներեք` այս պահից սկսած, քանի դեռ ես նախագահ եմ, որևէ ահաբեկչի մենք չենք արտահանձնելու»,- հայտարարում էր Էրդողանը:

Այսօր արդեն Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն է հանդես եկել հայտարարությամբ, որում երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Միացյալ Նահանգներ այցելություններից: «Վերջին շրջանում ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչական գործողությունների և բռնարարքների թվի աճ է նկատվում»,- նշված է թուրքական դիվանագիտական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG