Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կոչ է անում Սպիտակ Տանը չտապալել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը


Իրանի արտգործնախարարի հետ բանակցությունների ավարտին հրավիրված ասուլիսը: Բրյուսել, 11-ը հունվարի, 2018 թ․

Եվրամիության ղեկավարներն ու Արևմտյան Եվրոպայի երեք ամենաազդեցիկ պետությունները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, կոչ են անում Միացյալ Նահանգներին զերծ մնալ Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը տապալելու փորձերից:

Այս միասնական կոչը հնչեց այսօր Բրյուսելում` Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների ավարտին:

«Եվրամիությունը շատ հստակորեն արտահայտել է միջուկային համաձայնագրի շուրջ իր տեսակետը: Դեռ անցած տարվա հոկտեմբերին Եվրամիության անդամ բոլոր 28 պետությունների արտգործնախարարները հայտարարել էին այդ մասին և այսօր վերահաստատում են այդ մոտեցումը: Համաձայնագրի դրույթները գործում են և [փաստաթուղթը] կատարում է իր հիմնական առաքելությունը` Իրանի միջուկային ծրագիրը վերահսկելի է և գտնվում է մանրակրկիտ դիտարկման ներքո», - հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի խոսքով, միջուկային համաձայնագրի ապագան և Մերձավոր Արևելքում Իրանի դերակատարությունը չպետք է դիտարկվեն որպես փոխկապակցված խնդիրներ․ - «Այս փուլում կարևորը 2015-ին Թեհրանի հետ կնքված համաձայնագրի կենսունակության ապահովումն է»:

«Մենք ցանկանում ենք պաշտպանել միջուկային համաձայնագիրը ցանկացած քայլից, որը կարող է վտանգել դրա իրագործումը: Կարևոր չէ, թե որ կողն է դիմում այդ քայլին», - նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

Դեռ մինչև բանակցությունների մեկնարկը գերմանական դիվանագիտության ղեկավարը նշում էր, որ Թեհրանի հետ շփումներում Եվրամիությունը չպետք է շրջանցի Մերձավոր Արևելքում իրանական քաղաքականության և բալիստիկ հթրիռների ստեղծմանն ուղղված գործողությունների թեմաները` միաժամանակ անելով հնարավորը միջուկային համաձայնագիրը պահպանելու համար:

Այս հարցում գրեթե նույն տեսակետն ունի պաշտոնական Փարիզը:

«Ֆրանսիան չի թաքցնում, որ տարաձայնություններ ունի Իրանի հետ, մասնավորաբար՝ բալիստիկ հթրիռների զարգացման ծրագրի շուրջ: Դրա հետ մեկտեղ ես կարող եմ ասել, որ այսօր չկա որևէ գործոն, որ կստիպեր մեզ կասկածի տակ դնել իրանական կողմի քայլերը: Իրանցիները պարբերաբար ապացուցում են, որ կատարում են համաձայնագրի դրույթները: Այս համաձայնագիրը կենսական նշանակություն ունի, և դրան այլընտրանք ես առայժմ չեմ տեսնում», - հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

Միացյալ Նահանգների ամենամերձավոր եվրոպական դաշնակիցը` Մեծ Բրիտանիան, ևս համոզված է, որ 2015-ին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը պետք է ուժի մեջ մնա:

«Իրանը, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, կատարում է այս համաձայնագրի պահանջները: Դա մեզ համար շատ կարևոր է: Շատ կարևոր է սակայն, որպեսզի այդ համաձայնագիրը աջակցություն ստանա ողջ աշխարհում, և Իրանը պետք է կարողանա ցույց տալ, որ նա լավ հարևան է [մերձավորարևելյան] տարածաշրջանում», - նշել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջոնսոնը:

Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը այսօր կայացած բանակցությունների արդյունքները մեկնաբանել է Twitter-ի իր էջում․ - «Բրյուսելում այսօր անսասան փոխհամաձայնություն էր: Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի պահանջները: Իրանի ժողովուրդն իրավունք ունի օգտվել այդ պահանջների կատարումից բխող բոլոր առավելություններից: Միջուկային համաձայնագիրը վտանգող ցանկացած քայլ անընդունելի է: Բացի այդ, Եվրամիությունն ու Իրանը հստակորեն ըմբռնում են, որ Թեհրանի կողմից համաձայնագրի դրույթների կատարումը ուղղակիորեն կախված է Միացյալ Նահանգների կողմից այդ փաստաթղթում ամրագրված պահանջների կատարումից»:

Հիշեցնեմ, որ արդեն վաղը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրապարակի իր որոշումը` արդյո՞ք Վաշինգտոնը հրաժարվելու է Իրանի հետ կնքված համաձայնագրի դրույթների կատարումից, թե՞ ոչ: Թրամփն այս որոշումը պետք է կայացնի՝ ելնելով Կոնգրեսի կողմից սահմանված ընթացակարգից, որի համաձայն Միացյալ Նահանգների նախագահը պարբերաբար գնահատում է Թեհրանի հետ կնքված համաձայնագրի ընթացքը և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների սառեցման նպատակահարմարությունը:

Reuters-ի փոխանցմամբ, Թրամփի ազդեցիկ խորհրդականներից մի քանիսը հորդորում են նրան հետ չկանչել Միացյալ Նահանգների ստորագրությունը համաձայնագրի տեքստից: Գործակալության փոխանցմամբ, այս պահին Թրամփը հակված չէ լսել իր խորհրդականներին, սակայն վերջնական որոշումը կայացվելու է այսօր ավելի ուշ Սպիտակ Տանը կայանալիք խորհրդակցության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG