Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ում քիմիական նյութերի պահպանման անվտանգությունը բարձրացնելու հարցով դատախազը դիմել է նախարարներին


Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Նաիրիտ» գործարանում քիմիական նյութերի պահպանման անվտանգությունը բարձրացնելու խնդրով գրությամբ դիմել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին։

Դատախազությունը նշում է, որ «Նաիրիտ գործարան» ընկերության դյուրավառ նյութերի պահպանումն իրականացնող աշխատակիցների կողմից դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու հետևանքով 2017-ի օգոստոսի 28-ին ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել էր հրդեհ:

Հրդեհ «Նաիրիտ»-ում, 28-ը օգոստոսի, 2017թ.
Հրդեհ «Նաիրիտ»-ում, 28-ը օգոստոսի, 2017թ.

Այրվել էին ընկերության տեղամասերից մեկի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողություններում առկա քիմիական լաք-էթինոլը, հարակից տարածքի չոր բուսածածկույթը, մասամբ փլուզվել էին բետոնյա տարողությունների տանիքները, դեֆորմացվել էին տանիքի մետաղական ճաղավանդակները:

Արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից դեպքի առթիվ նախապատրաստվել էին նյութեր, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

«Նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող մարմինը, հաստատված համարելով, որ դյուրավառ նյութի պահպանման կանոնները խախտելու հետևանքով առաջացած հրդեհը ծանր հետևանքների չի հանգեցրել, 2017-ի նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով նախատեսված ծանր հետևանքի վրա հասած չլինելու պատճառաբանությամբ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է այդ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ-պատշաճ կատարելու հանգամանքը», - ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը նշում է, որ ըստ Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016-ի նոյեմբերի 28-ին «Նաիրիտ գործարան»-ի և Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Իսկ կառավարության 2017-ի փետրվարի 23-ի որոշման համաձայն՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին գումար է հատկացվել՝ տեխնոլոգիական համակարգերում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացման գործում «Նաիրիտ գործարան» ընկերությանն աջակցելու նպատակով:

«Ելնելով վերոգրյալից՝ Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրությամբ դիմել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ քննարկման առարկա դարձնելու արձանագրված խախտումները, դրանք ծնող պատճառները և միջոցներ ձեռնարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանության գործում ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, հետագայում հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու նկատառումներով նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ և արդյունքների մասին հայտնել Երևան քաղաքի դատախազությանը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG