Մատչելիության հղումներ

Ռուբեն Բաբայանը իր ղեկավարած Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի վերջին մեկ տարվա աշխատանքը լավ է գնահատում:

«Մենք բեմադրեցինք հինգ նոր ներկայացում, մասնակցեցինք Հայաստանի սահմաններից դուրս տասներեք միջազգային փառատոների՝ Սախալինից մինչև Կանադա», - «Ազատության» հետ զրույցում ասաց անվանի ռեժիսորը:

Փառատոներին մասնակցել են յոթ ներկայացումներով՝ և՛ տիկնիկային, և՛ դրամատիկական, և՛ էքսպերիմենտալ, որոնք բեմադրվել են հիմնականում երիտասարդ ռեժիսորների կողմից: Անցած ողջ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ հանդիսատեսին 400 ներկայացում են մատուցել, ունեցել են մոտ 75 հազար հանդիսատես:

«Հայաստանով մեկ մոտավորապես քսանհինգ բնակավայրերում, հիմնականում սահմանամերձ գոտիներում, Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում․․․ մեր ներկայացումով բացեցինք Շուշիի թատրոնը, հանդես եկանք նաև զորամասերում՝ Հադրութում և Մարդակերտում», - պատմեց Բաբայանը:

Պատասխանելով թատրոններին պետական հատկացումների կրճատմանը վերաբերող հարցին՝ նա ասաց․ - «Որոշակի կրճատումներ ենք անում: Իհարկե, ես որևէ մեկին չկրճատեցի, բայց մարդիկ անցան կես դրույքի: Կլինեն նաև կրճատումներ բեմադրական ծախսերի տեսակետից: Ծանր ժամանակներ են սպասվում: Միանշանակ: Ինչ-որ ձևով պետք է դիմադրել, կարողանալ․․․ թատրոնը չի կարող կանգնեցնել իր գործունեությունը: Կարծեմ Ձեզ մի անգամ ասել եմ, որ ժամանակին բեմադրել եմ այդ գործը: Շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ»:

Հարցին, թե արդյոք ֆինանսական խնդիրների պայմաններում, այդուհանդերձ, գնում ենք մշակութային զարգացման ճանապարհով, Բաբայանն արձագանքեց․ - «Տաղանդների պակաս չկա: Պարզապես պետք է կարողանալ ստեղծել համապատասխան պայմաններ, տալ համապատասխան կրթություն: Ես կարծում եմ, մենք ունենք մեծ խնդիր, և շատ ուրախ եմ, որ այս տարի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ այդ ծրագիրը սկսեց իրականացվել՝ «Մշակութային կանգառը»: Ճիշտն ասած, մինչ այդ էլ էինք գնում տարբեր մարզեր և սահմանամերձ գոտի, բայց դա շատ կարևոր է: Չի կարող մշակույթը կենտրոնանալ միայն Երևանում: Դա սխալ է, դա գավառամտություն է: Երբ մեկնում ենք սահմանամերձ գոտի և հանդիպում ենք երեխաների, որոնք թատրոնում երբևէ չեն եղել․․․ սա մեծ երջանկություն է և՛ մեր համար, և՛ իրենց համար: Հայաստանը սկսվում է սահմաններից, այլ ոչ թե մայրաքաղաքից: Մինչդեռ հակառակ տպավորությունն է․ մենք տեսնում ենք ինչ կենտրոնացում է գնում Երևանում: Պետք է սկսել սահմաններից: Եվ ոչ միայն մշակութային առումով: Կրթության առումով, քաղաքականության առումով, բիզնեսի առումով: Այդպես ճիշտ է կառուցել, բուրգը այդպես է կառուցվում, ծայրերից պետք է սկսել: Մենք փորձում ենք վերևում ինչ-որ բան դնել ու հա զարմանում ենք՝ էս ինչի՞ չի մնում իրա տեղում․․․ Որովհետև մնացած քարերը չենք շարել: Ուրեմն պետք է նայել, թե ինչ վիճակում են գտնվում մեր դպրոցները գյուղերում, սահմանամերձ գյուղերում: Պետք է փորձել տալ նորմալ ջեռուցում, վերանորոգել, շահագրգռել դասատուներին, որպեսզի գնան: Նա, ով տնտեսում է կրթության վրա, նա կործանում է երկիրը: Տաղտկալի ճշմարտություններ եմ ասում․․․ 21-րդ դարում կարելի՞ է չկրթված հասարակությունով որևէ բանի հասնել: Իհարկե՝ ոչ․․․ Առողջապահություն, կրթություն, մշակույթ․ այդ երեք կարևորագույն ուղղվածությունները, որը պետությունը դարձնում է պետություն: Եթե պետությունը կրճատում է այդ երեք ասպարեզները, ես կարծում եմ, այդքան էլ չի գիտակցում, թե որն է իր ֆունկցիան: Կառավարության ֆունկցիան հարկեր հավաքելու մեջ չէ: Կառավարության ֆունկցիան երկիրը քաղաքակիրթ դարձնելու մեջ է: Մեզ պետք են լայն հորիզոնով մտածող կառավարիչներ, որոնք տեսնում են երկրի վաղվա օրը: Երկրի վաղվա օրը երբեք չի կայանա, եթե մենք այսօր չսկսենք աշխատել: Մենք անընդհատ հետաձգում ենք այդ աշխատանքը և զարմանում ենք, որ ոչ մի բան չի ստացվում: Ինչքան ուշացնում ենք, այդքան հետաձգում ենք այդ ժամկետը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG