Մատչելիության հղումներ

Աշոտ Ահարոնյան․ Ոստիկանությունը իր գործառույթները կատարել է լիարժեք


Արարատի մարզի Շահումյան գյուղում այսօր տեղի ունեցավ Երևանի կենտրոնում երկու օր առաջ ավտովթարի հետևանքով զոհված ոստիկանության սպա Խաչիկ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը:

Գասպարյանի համագյուղացիներն ասում էին, որ եթե ավելի վաղ թույլ տված իրավախախտումների համար Սարգիս Վարդանյանը, ում վարած ավտոմեքենան բախվել է ծառայություն իրականացնող ՃՈ-ի ավտոմեքենային, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկված լիներ, ապա այդ ողբերգական ավտովթարը գուցե տեղի չէր ունենա:

Արարողությանը մասնակցելու համար Հաղթանակ էր եկել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանապետը, սակայն, չցանկացավ խոսել: «Ազատության» դիտարկմանը, թե հանրության շրջանում կարծիք է ձևավորվել, որ Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է ձևավորվել, և եթե այդպես չլիներ, գուցե չլիներ երկու ոստիկանի կյանք խլած այդ ողբերջական ավտովթարը, Գասպարյանը սոսկ արձագանքեց․ - «Մի դատիր, որ չդատվես»:

«Ազատությանը» հաջողվեց զրույցել Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ:

«Ազատության» դիտարկմանը, թե զոհված ոստիկանության սպայի հարազատները համոզված չեն, որ մեղավորները կպատժվեն, Ահարոնյանը պատասխանեց․ - «Եթե խոսքը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուն, ապա հանրության մի մասի կարծիքն այն է, որ պետք է շատ խիստ պատժել, ազատությունից զրկել: Օրենքներն այսօր այդպիսին են: Եթե Դուք ԶԼՄ-ների մոնիտորինգ եք անում, կտեսնեք հաղորդագրությունը՝ ոստիկանությունը այսինչ խախտման համար բերման ենթարկեց, ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ այսինչ անձը ներկայացավ ոստիկանությունը: Այդտեղ ոստիկանության գործառույթները սպառվում են: Մնացած հարցերով ես չեմ կարող պատասխանել»:

«Ազատություն»․ - Երբ Սարգիս Վարդանյանը առանց վարորդական իրավունքի շարունակել է երթևեկել, ոստիկանությունը ինչո՞ւ դրա մասին տեղյակ չի եղել:

Ահարոնյան․ - Եթե մարդը առանց վարորդական վկայականի վարում է մեքենա, դրա համար կա վարչական պատասխանատվություն:

«Ազատություն»․ - Քանի՞ անգամ է վարչական պատասխանատվության ենթարկվել:

Ահարոնյան․ - Դա անհատական տվյալ է: Վարորդական վկայական ունենալ-չունենալը անհատական տվյալ է․․․ Եթե Ձեզ հետաքրքրում է, գրավոր հարցում ուղարկեք, եթե օրենքը թույլ է տալիս, մենք Ձեզ կպատասխանենք՝ եթե անհատական տվյալ չի պարունակում: Այս պահին ես չեմ կարող հիշել, թե դա քանի անգամ է եղել: Կրկնում եմ՝ Ձեր և հանրության մի մասի պահանջը օրենքից չի բխում»:

«Ազատություն»․ - Մամուլում նաև նրա մասնակցությամբ տեղի ունեցած կրակոցի մասին եղան տեղեկություններ: Հետո պարզվել էր, որ նա անօրինական զենք է իր մոտ կրում, և էլի կարծես թե նա պատասխանատվության չէր ենթարկվել:

Ահարոնյան․ - Եղել են հրապարակումներ, որոնցով կոնկրետ իրավապահները գործառույթ իրականացրել են:

«Ազատություն»․ - Նա պատասխանատվության ենթարկվե՞լ էր այդ կրակոցի համար:

Ահարոնյան․ - Ես տեսել եմ, որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել կոնկրետ դեպքով: Մենք էլ լուսաբանել ենք: Ես հիմա չեմ հիշում կոնկրետ Դուք որ դեպքն եք ասում․․․ Ընդ որում, ԶԼՄ-ները էդ հրապարակումները մեր տարածած հաղորդագրություններից են տեսել: Բայց կրկնում եմ, եթե մարդը մեքենայով վարչական իրավախախտում է կատարում, դրա համար միայն տուգանվում է: Այդպիսին է օրենքը:

«Ազատություն»․ - Մարդիկ փաստերը դնում են իրար կողք: Սերժ Վարդանյանի մասնակցությամբ նույն ռեստորանային համալիրում մատուցողին ծեծի ենթարկելու փաստը, նաև մեկ այլ երիտասարդի պարանոցից ոսկե շղթան պոկելու, կողոպուտի այդ փաստը: Ինչո՞ւ է հետախուզում հայտարարվում նրա նկատմամբ միայն հունվարի 7-ին, երբ արդեն ունենք ավտովթար մահվան ելքով:

Ահարոնյան․ - Մենք հետախուզում հայտարարող կառույց չենք, և այդ հարցին ես իրավասու չեմ պատասխանել: Մենք հետախուզվողին հայտնաբերողն ենք, և տեսաք, որ ժամեր անց հայտնաբերվեց հետախուզվողը:

«Ազատություն»․ - Այս փաստերը համադրելով, ունի՞ հանրությունն այդ իրավունքը՝ ասելու, որ այսօր իսկապես կա անպատժելիության մթնոլորտ:

Ահարոնյան․ - Մենք ժամանակին անդրադարձել ենք երկու դեպքին:

«Ազատութուն»․ - Բայց նա ստորագրությամբ ազատ էր արձակվել:

Ահարոնյան․ - Դա ոստիկանության գործառույթը չի:

«Ազատություն»․ - Այստեղ հավաքված մարդիկ ասում են, որ այդ մարդիկ ձերբակալվել են, հետո ազատ են արձակվել:

Ահարոնյան․ - Ես իրավասու եմ պատասխանել միայն ոստիկանության գործողությունների համար: Դուք որ դեպքը ասեք, նայենք՝ կտեսնեք, որ ոստիկանությունը իր գործառույթները կատարել է լիարժեք:

«Ազատություն»․ - Ստացվում է, որ ոստիկանությունը բռնում է, բայց հետո իրավապահները կոծկո՞ւմ են այդ ամենը:

Ահարոնյան․ - Ես իրավասում եմ խոսել միայն ոստիկանության կատարած աշխատանքի համար: Այսօր մեր կայքում կա: Ժամանակին այդ նյութերը «02»-ը լուսաբանել է, հանրությանը ներկայացրել է: Այսօր էլ մենք հիշեցման կարգով դրել ենք այդ նյութերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG