Մատչելիության հղումներ

Քաղաքացու կենսամակարդակը 2017-ի համեմատ անկում է ապրելու. տնտեսագետ


Քաղաքացու կենսամակարդակը 2017-ի համեմատ անկում է ապրելու, այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյան՝ նշելով, որ պատճառը շղթայական թանկացումներն են։

«Ամեն ինչ թանկանում է, հիմնականում լայն սպառման ապրանքների վրա է ազդելու՝ ծխախոտ, սպիրտ, բենզին, շարքը կարելի է շարունակել՝ հավի միս և այլն, հասկանալի է, որ նշածներս հիմնականում, հատկապես բենզինի պարագայում, դրանք գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ են, և սրանով ոչ թե մրցակցությունն է սրվելու, այլ ուղղակիորեն այս ծախսերը բաշխվելու են սպառողների վրա, սրան գումարում ենք հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող կուտակայինը, որն էլի, եթե նախկինում «պարտադրված, բայց ոչ-պարտադիր էր», ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ասում, հիմա արդեն բոլորի համար կլինի պարտադիր, այսինքն՝ սա էլ ևս տնօրինվող եկամուտի առումով նվազեցում է», - ասաց տնտեսագետը։

Հիշեցնենք՝ եթե նախկինում 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը 24.4 տոկոս էր, 120 հազարից մինչև 2 միլիոնի դեպքում՝ 26 տոկոս, ապա հունվարի 1-ից ուժի մեջ մտած եկամտահարկի նոր դրույքաչափերի համաձայն, նախ 120 հազարի շեմը բարձրացվեց 150 հազարի, ու այս հատվածի համար իջեցվեց եկամտահարկը: Մինչև 150 հազար ստացողներն արդեն կվճարեն 23 տոկոս: Սակայն բարձրացվեց 150 հազարից մինչև 2 միլիոն ստացողների եկամտահարկը՝ 26 տոկոսից այն դարձել է 28 տոկոս: Ամսական 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողների դեպքում եկամտահարկը նույնն է մնացել՝ 36 տոկոս:

Տնտեսագետը նշեց, որ օրինակ, 100 հազար դրամ աշխատավարձ ստացողի դեպքում, եթե նոր օրենքով նույնիսկ աշխատավարձի մոտ 1500 դրամի ավելացում է լինում մինչև հուլիսի 1-ը, սակայն դա էական դրական ազդեցություն չի կարող ունենալ տնօրինվող եկամուտների վրա։

«Եթե 100 հազար դրամ ստացողի սպառողական զամբյուղն ուսումնասիրես, այսինքն՝ առաջին անհրաժեշտության ապրանքները, որը որ, օրինակ, ես հաշվարկներ եմ արել, մոտ 11 անուն ապրանք, գնաճը ոչ թե կլինի, ինչպես մեզ հրամցվում է, 1 տոկոսի շրջանակներում, այ կլինի մոտ 13 տոկոս։ Հիմա այս իրական գնողունակ պահանջարկը, այն գումարը և այն ռացիոնն ապրանքների, որ նա կարող էր ձեռք բերել, ավելի նվազում է, այսինքն՝ շարքային քաղաքացու համար այն փոփոխությունները, որը ենթադրված էր, որ պետք է օգտվեր, իհարկե չկա», - ասաց տնտեսագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG