Մատչելիության հղումներ

Պանկիսի կիրճում երեկվանից լարված իրադրություն է ստեղծվել


Բողոքի ակցիւա Դուիսիում ընդդեմ հատուկ ծառայության հակաահաբեկչական գործողությունների, 29-ը դեկտեմբերի, 2017թ.
Բողոքի ակցիւա Դուիսիում ընդդեմ հատուկ ծառայության հակաահաբեկչական գործողությունների, 29-ը դեկտեմբերի, 2017թ.

Վրաստանի արևելքում գտնվող, չեչեններով բնակեցված Պանկիսի կիրճում երեկվանից բավական լարված իրադրություն է ստեղծվել: Պատճառը Դուիսի ավանի բնակիչ 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի մահն է:

Մաչալիկաշվիլին հրազենային ծանր վնասվածք էր ստացել դեկտեմբերի վերջին՝ Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում և վերջին երկու շաբաթներին գտնվում էր հիվանդանոցում:

Թեմիրլան Մաչալիկաշվիլի, արխիվ
Թեմիրլան Մաչալիկաշվիլի, արխիվ

Հիշեցնենք, որ այդ գործողության թիրախը իսլամիստների հետ առնչություններ ունեցող տեղացի չեչեններն էին:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը պնդում էր, որ Դուիսիում տարեվերջին վնասազերծված այս խումբն էր օգնել «Իսլամական պետություն» խմբավորման հայտնի դաշտային հրամանատար Ահմեդ Չատաևին մուտք գործել Վրաստանի տարածք` շրջանցելով սահմանային անցակետերը:

Մաչալիկաշվիլիի հարազատները, սակայն, պնդում են, որ նա որևէ առնչություն չի ունեցել իսլամիստ ծայրահեղականների հետ: Զոհված երիտասարդի մայրը` Մեդիկո Մարգոշվիլին, Թբիլիսիից ժամանած լրագրողների հետ զրույցում պնդում էր, թե կանի ամեն ինչ, որդու անմեղությունն ապացուցելու համար:

«Եթե պետք լինի ես անգամ Ստրասբուրգի դատարան կհասնեմ: Ես արդարություն եմ պահանջում: Մենք այստեղ ահաբեկիչներ չենք դաստիարակում», - նշում էր Մարգոշվիլին:

Թբիլիսցի իրավապաշտպան Տամտա Միքելաձեն ևս չէր բացառում, որ Մաչալիկաշվիլիի սպանության գործը կարող է հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Հստակ է, որ տեղի ունեցածը պետության կողմից իրականացված սպանությունն էր: Բազմաթիվ անպատասխան հարցեր կան, մասնավորաբար, թե որքանով էր արդարացված ոստիկանության կողմից ուժի կիրառումը այդ հատուկ գործողության ընթացքում», - նշում էր Միքելաձեն:

Իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները, սակայն, համոզված են` ընդդիմությունն ու իրավապաշտպանները փորձում են արհեստականորեն սրել իրադրությունը:

«Իմ պատկերացմամբ` իրավապահ մարմիններն անում են հնարավորը՝ նախաքննության ընթացքը չվնասելու համար: Խորհուրդ կտայի արհեստականորեն չսրել իրավիճակը: Նման պնդումներն ու հայտարարությունները բացասաբար են ազդում իրավիճակի վրա», - նշում էր «Վրացական երազանք»-ի խորհրդարանական խմբակցության անդամ Գեորգի Կախիանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG