Մատչելիության հղումներ

«Ռոբսոնի» պատմությունը Ռուսաստանի կողմից սարքված գործ է». քաղաքագետ


Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, Հայաստանը պետք է շատ արագ փակի «Ռոբսոնի»՝ Ռուբեն Թաթուլյանի հետ կապված պատմությունը։

Անկախ պատմության ավարտից, ըստ քաղաքագետի, Հայաստանի վարկանիշն արդեն տուժել է։

«Արտգործնախարարության արձագանքը կա, լավ է, բայց մինչև վերջ մերոնք այդ հարցը պետք է փակեն, վերջակետ դնեն։ Վերջնակետը ո՞րը կլինի՝ որ ի պաշտոնե մերոնք կասեն, որ մենք անձնագիրը վերցրել ենք, այլևս ինքը չի օգտագործում մեր մեքենաները՝ դեսպանատան մեքենաները, ու երրորդը՝ կարևորագույնը՝ ինքը դատողություններ է արել Միացյալ Նահանգների մասին։ Դատողությունները բավական կոշտ էին։ Դա նշանակում է, որ մեր արտգործնախարարությունը պաշտոնապես պետք է ասի՝ կիսո՞ւմ են նրա կարծիքը, թե՞՝ ոչ, որովհետև իրենց չինովնիկն է ասել։ Լավ է, որ մերոնք սկսեցին խոսել, բայց շատ արագ պետք է փակել այդ պատմությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Հարցին, թե ի՞նչ վատ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար, Գրիգորյանը պատասխանեց. - «Այդ մարդու հարցազրույցից հետո խորանում են պրոբլեմները։ Մեր վարկանիշը տուժեց, ինչով էլ ավարտենք այդ պատմությունը»։

Գրիգորյանի կարծիքով՝ սա Ռուսաստանի կողմից սարքված գործ է. - «Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանը միայնակ է այսօր ԱՄՆ-ի դեմ, Եվրամիության դեմ, ոչ մի դաշնակից այդ պայքարում չունի։ Իրանք ուզում են ներգրավել այդ վեճերի, վատ հարաբերությունների մեջ նույն Միացյալ Նահանգների հետ նաև Հայաստանին, այլ խաղացողներին, մի՞թե դա անհասկանալի է»։

Քաղաքագետի կարծիքով՝ «Ռոբսոնի» հարցազրույցը Ռուսաստանի մեսիջն էր Միացյալ Նահանգներին. - «Այստեղ այնքան պարզունակ է. մարդը, որը կյանքում ոչ թե ինտերվյու, այլ հրապարակային ոչ մի գործողություն չի ծավալել կյանքում, իրա բիզնեսով էր զբաղվում... այս հարցազրույցը, ես կասեի, Ռուսաստանի մեսիջն էր Միացյալ Նահանգներին։ Ռուսաստանն ասում է՝ «նայի, Հայաստանն այս հարցերում կա, ինչո՞ւ ես մենակ մեզ հարվածում, մեզ քննադատում»։ Դա շատ կարևոր է հասկանալ՝ երբ որ մեծերն իրար հետ պրոբլեմ ունեն, կյանքում չի տուժվի մեծը, տուժվում են փոքրերը»։

Հիշեցնենք՝ Սոչի բլոգին տված հարցազրույցում, որը համացանցում տարածվել է հունվարի 6-ին, Թաթուլյանն ասել է իր՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդական լինելու մասին։ Նա նաև շեշտել է, որ ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը երեկ հերքել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված սոչիաբնակ հայ գործարարի՝ Նալբանդյանի խորհրդական լինելու մասին հայտարարությունը։ «Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, այժմ նա այդ կարգավիճակը չունի», - ի պատասխան «Ազատության» գրավոր հարցմանն ասել է Բալայանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG