Այսօր Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ։
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեսպան Սադոյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերն ու «դրան ի հակառակ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը»։
Սադոյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այն հնարավորություններին, որոնք ընձեռում է այդ համաձայնագիրը։ Ըստ հաղորդագրության, այդ հանդիպմանը կողմերը նաև «մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ»։