Մատչելիության հղումներ

Ռոբերտ Մյուլերը ցանկանում է հարցաքննել Դոնալդ Թրամփին


ԱՄՆ հատուկ խորհրդական Ռիչարդ Մյուլերը, արխիվ, Վաշինգթոն, 21 հուլիսի, 2017թ.

2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հարցը քննող հատուկ խորհրդական, Հետաքննությունների դաշնային գործակալության նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբաններին փոխանցել է, որ գործի քննության շրջանակներում ցանկանում է հարցաքննել նրան​:

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության որոշմամբ անցյալ տարվա մայիսին հատուկ խորհրդական նշանակված Ռոբերտ Մյուլերը քննում է 2016 թվականի նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչների և ռուսաստանցիների շփումների հանգամանքները:

ԱՄՆ-ում «հատուկ խորհրդականը» կարգավիճակ է, որը տրվում է առանձին գործերի հետաքննությունը համակարգելու նպատակով:

The New York Times, The Washington Post օրաթերթերն ու NBC News հեռուստակայանը, հղում անելով «գործին մոտ կանգնած արժանահավատ աղբյուրին», երեկ հայտնել են, որ Մյուլերի քննիչները Թրամփի փաստաբաններին տեղեկացրել են նախագահին հարցաքննելու անհրաժեշտության մասին: Ենթադրվում է, որ հարցաքննությունը տեղի կունենա առաջիկա ժամանակաշրջանում, սակայն դրա հստակ օրը դեռ հայտնի չէ:

​Սպիտակ տան պաշտոնյաների կարծիքով, նախագահին հարցաքննելու մտադրությունը վկայում է այն մասին, որ գործը հասել է ավարտական փուլին:​ Թրամփի օգնականներն այդպես են ենթադրում, քանի որ 1990-ականների վերջին, երբ քննվում էր նախագահ Բիլ Քլինթոնի գործը, նախագահը վերջին հարցաքննվողն էր:

Քլինթոնին ներկայացվել է կեղծ վկայություն տալու և արդարադատությունը խոչընդոտելու մեղադրանք, նա 1998 թվականի դեկտեմբերի 19-ին Ներկայացուցիչների տան քվեարկությամբ իմպիչմենթի է ենթարկվել, սակայն պահպանել է պաշտոնը, քանի որ 1999 թվականի հունվարի 7-ին Սենատում կեղծ ցուցմունքի մեղադրանքով Քլինթոնին մեղավոր ճանաչելու և աշխատանքից ազատելու օգտին քվեարկել է 45 սենատոր, իսկ արդարադատությունը խոչընդոտելու մեղադրանքով՝ 50, մինչդեռ, պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ էր սենատորների երկու-երրորդի համաձայնությունը՝ 67 քվե:

Թրամփը և նրա օգնականները կտրականապես հերքում են նախընտրական շրջանում ռուսների հետ համագործակցելու կամ ռուսներից ինչ-որ օգնություն ստանալու մեղադրանքը:

Թրամփը մշտապես պնդում է, որ արդար է հաղթել, երբևէ ռուսների աջակցության կարիքը չի ունեցել, ռուսների հետ հանդիպումներում իր թիմի ներկայացուցիչները ոչ մի շահ չեն հետապնդել և որ բուն հանդիպումների փաստը որևէ հանցանքի մասին չի վկայում:

Թրամփը և նրա թիմը հավաստիացրել են, որ պատրաստ են համագործակցել Մյուլերի հետաքննության հետ: Թրամփի պնդմամբ, ռուսների վարկածը շրջանառության մեջ է դրվել դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի պարտությունն արդարացնելու համար:

Անցած շաբաթ օրը՝ հունվարի 6-ին, Դոնալդ Թրամփը վերստին պնդել է, որ ռուսների հետ որևէ գործարք չի եղել:

Հատուկ խորհրդական Մյուլերն արդեն մեղադրանք է ներկայացրել Թրամփի 4 օգնականներին, ովքեր այս փուլում մեղադրվում են իշխանություններին կեղծ տեղեկություններ հայտնելու մեջ:

Որոշ վերլուծաբանների կարծիքով, Թրամփը գուցեև չի ցանկանա անձամբ հանդիպել Մյուլերին և նրա քննիչներին ու կխնդրի հարցերին գրավոր պատասխաններ տալու թույլտվություն:

Հատուկ խորհրդական Մյուլերի առաքելությունն է պարզել, թե արդյո՞ք Թրամփի թիմակիցների և ռուսների միջև համագործակցություն է եղել նախընտրական շրջանում, բայց գործի քննության ընթացքում կարող է ի հայտ գալ մի նոր հանգամանք՝ արդյո՞ք Թրամփը չի փորձել ազդել հետաքննության վրա:

Դրական պատասխանը չափազանց վտանգավոր է Թրամփի համար, քանի որ արդարադատությունը խոչընդոտելու փորձը Ամերիկայում ծանր հանցագործություն է համարվում:

Այդպիսի հանգամանք կարող է գնահատվել Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Ջեյմս Քոմիին պաշտոնանկ անելու՝ Թրամփի հրահանգը, քանի որ Մյուլերից առաջ հենց Քոմին է քննել ռուսների հետ կապի խնդիրը:

Նրա պնդմամբ, Թրամփը փորձել է միջամտել հետաքննությանը և, մասնավորապես, խնդրել է կարճել ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի գործը: Թրամփն ասում է, թե նման խնդրանքով Քոմիին չի դիմել:

Ֆլինը հիմա համագործակցում է Մյուլերի քննիչների հետ, ովքեր վերջին շրջանում հարցաքննել են Թրամփի նախկին և ներկայիս խորհրդականներից մի քանիսին, այդ թվում Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ռեյնս Փրիբուսին և նախագահի ավագ խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG