Մատչելիության հղումներ

«Ցասումը, որ հասավ ինչ-որ պահի ու ժողովուրդը ոտքի կանգնեց, սրբելու է տանի դրանց բոլորին». Միրզոյան


Հունվարի 19-ին «Ելք» դաշինքը բողոքի ակցիա կանցկացնի ընդդեմ թանկացումների։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

«Խնդիրը հստակ ձևակերպված է՝ ո՛չ թանկացումներին և հարկային բեռի, եկամտային հարկի վերադարձ առնվազն նախկին սանդղակին, և ակցիզային հարկի գների վերադարձ դեպի նախկինին։ Սա է խնդիրը։ Բնականաբար, ակնկալվող արդյունքն էլ այդ խնդրի լուծումն է։ Սա շատ էական, շատ կենսական նշանակության ունեցող, մարդկանց կյանքի որակի վրա անմիջականորեն անդրադարձող խնդիր է, որը հուզում է բոլորին», - ասաց Միրզոյան՝ շարունակելով. - «Ես կարծում եմ, որ հասարակության լայն զանգվածները ոտքի կկանգնեն և իրենց մասնակցությամբ ցույց կտան աջակցություն այս խնդիրների լուծմանը հետամուտ լինելուն, որից արդեն «Ելք» դաշինքը և, մասնավորապես, խմբակցությունը քայլեր կձեռնարկի, օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնի, որպեսզի վերադարձ լինի առնվազն նախկին մակարդակին»։

Դիտարկմանը, թե մարդիկ հուսահաված են, այլևս չեն հավատում փոփոխություններին և արդեն փողոց էլ դուրս չեն գալիս, ընդդիմադիր պատգամավորն այսպես արձագանքեց. - «Նախ որ փողոց դուրս չեն գալիս, դա թույլ է տալիս պարանն ավելի ու ավելի սեղմե՞լ էս մարդկանց վզին։ Լավ, չեն բողոքում, եկեք եկամտային հարկը սարքենք ոչ թե 28, այլ 50 տոկոս, բենզինը թանկացնենք ոչ թե 20 դրամով, այլ 100 դրամով։ Չեմ հասկանում, իրենք ընդհանրապես անպատժելի՞ են իրենց զգում։ Թող ոչ մեկ այդքան վստահ չլինի, մի վայրկյան է, ցասումը, որ հասավ ինչ-որ պահի ու ժողովուրդը ոտքի կանգնեց սրբելու է դրանց տանի։ Խոսքը սնունդի, տրանսպորտի մասին է, և այստեղ ոչ մի նորմալ մարդ չի կարող բազմոցին նստած հետևել, թե ինչ է կատարվում երկրում։ Սա բոլորին է վերաբերվում։ Ես կարծում եմ, որ բոլոր նախադրյալները կան, որ մարդիկ ոտքի կանգնեն։ Ես կրկնում եմ սոցիալական բունտը լավ բան չի, բայց եթե չկա ալտերնատիվ, եթե էս մարդիկ իրենց չափը չեն զգում և ասում են՝ «մեկ ա չեն բողոքում մարդիկ, եկեք էս էլ բարձրացնենք, էս էլ», էդ դեպքում անխուսափելի է դառնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG