Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի հաշվին արդեն կա 400 միլիոն ռուբլուց ավելի գումար, երեկ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Սա ավելին է, քան մնացած բոլոր թեկածուների հաշիվներին առկա գումարները միասին։
Առաջին նվիրատվությունները Պուտինի ընտրական հաշվին կատարել են «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունը և տարբեր մարզերի հիմնադրամներ։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հրաժարվել է այդ գումարներին վերաբերող մեկնաբանությունից: Նկատելով, որ ինքը նախագահի խոսնակն է և նման հարցերին պատասխանելու իրավասություն չունի, նա առաջարկել է հարցերը ուղղել Պուտինի ընտրական շտաբին, որն արդեն առաջիկա օրերին կսկսի լիարժեք գործել։ Ի դեպ, մինչ օրս դեռ հայտնի չէ, թե ով է գլխավորելու Ռուսաստանի գործող նախագահի նախըտրական շտաբը։
Հիշեցնենք, Վլադիմիր Պուտինը ընտրություններին գնում է որպես ինքնաառաջադրված թեկնածու, սակայն «Եդինայա Ռոսիա»-ն արդեն հայտարարել է, որ աջակցելու է նրան որպես նախագահի թեկնածու: Նույնն են արել նաև համակարգային ընդդիմություն համարվող «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը և բազմաթիվ խմբեր, որ հատուկ ստեղծվել են Պուտինին աջակցելու համար։
Ընտրությունները Ռուսաստանում տեղի կունենան մարտի 18-ին: Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ արդեն ընդունել է 15 թեկնածուների փաստաթղթերը:
Ընտրություններին, հիշեցնենք, Ռուսաստանի գործող նախագահից բացի մասնակցում են լրագրող Քսենիա Սոբչակը, բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին։ Այս ընտրությունների ամենամեծ ինտրիգներից է, բացի Սոբչակի մասնակցությունից, կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինի անակնկալ մասնակցությունը, ով, փորձագետների կարծիքով, կարող է բավականին շատ ձայներ հավաքել։
Հիշեցնենք, Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններին մասնակցելու է արդեն չորրորդ անգամ: 2009 թվականի փոփոխություններից հետո, Ռուսաստանում նախագահը ընտրվում է վեց տարով՝ չորս տարվա ընդմիջմամբ: Պուտինը զբաղեցնում է նախագահի պաշտոնը 2000 թվականից՝ չորս տարվա ընդմիջումով․ 2008-12 թվականներին, երբ Ռուսաստանի նախագահը Դմիտրի Մեդվեդևն էր, նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:
Այսօր ռուսական ինտերնետում ակտիվորեն շրջանառվում է Պուտինի 2003 թվականի մամուլի ասուլիսի տեսագրության այն հատվածը, որտեղ նա ընթերցում է իրեն ուղղված հարցը՝ «Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում նախագահության ժամկետի ավելացման և երեք ու ավելի անգամ ընտրվելու հնարավորությանը», ապա հստակ ու կարճ պատասխանում՝ «Բացասաբար»։
Հավելենք, որ դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիին որպես նախագահի թեկնածու՝ պատճառաբանելով, թե նա ունի դատվածություն և չի կարող մասնակցել ընտրություններին։ Ռուսաստանի Գերագույն դատարանը օրինական է որակել ԿԸՀ-ի որոշումը։ Նավալնին, սակայն, պատրաստվում է դիմել նաև Սահմանադրական դատարան։